Մատչելի հղումներ

Հնդկաստանի վարչապետը հանգստություն պահպանելով կոչ է արել


Երկրում խմբակային բռնաբարության դեմ ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել

Հնդկաստանի վարչապետը երկրի բնակչությանը հանդարտվելու կոչ է արել այն բանից հետո, երբ երկրի մայրաքաղաքում խմբակային բռնաբարության պատճառով հրահրված՝ արդեն մի քանի օր տևող բողոքի ցույցերի ընթացքում բախումներ և բռնություններ են տեղի ունեցել:

Հանդես գալով երկրի հեռուստատեսությամբ՝ վարչապետ Մանմոհան Սինգհն ասել է, թե կիսում է մարդկանց զայրույթն ու անկեղծ ցավը, սակայն բռնության կիրառումը միանգամայն աննպատակ է:

«Դիմում եմ մտահոգված բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և հանդարտություն պահպանելու կոչով: Վստահեցնում եմ՝ կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք այս երկրում բնակվող կանանց անվտանգությունն ու ապահովությունը», - խոստացել է վարչապետ Սինգհը:

Հնդկաստանի մայրաքաղաքում բողոքի ցույցերի պատճառն էր դարձել անցյալ շաբաթ 23-ամյա մի ուսանողուհու շարժվող ավտոբուսում գրեթե մեկ ժամ տևած խմբակային բռնաբարությունը, որի ընթացքում զոհը նաև ծեծի էր ենթարկվել մետաղե ձողերով: Հանցագործության զոհը դեռևս գտնվում է հիվանդանոցում՝ կրիտիկական վիճակում:

Հասարակության բողոքն ուղղված էր նաև երկրի իշխանությունների և ոստիկանության դեմ, քանի որ Հնդկաստանի մայրաքաղաքը դարձել է կանանց համար ամենավտանգավոր քաղաքներից մեկը: Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են մահապատժի ենթարկել բռնաբարության կապակցությամբ ձերբակալված վեց տղամարդկանց, ինչպես նաև բարելավել կանանց անվտանգությունը:

Հնդկաստանի մայրաքաղաքում երկուշաբթի օրը բողոքի ցույցերը փոքրածավալ էին, քանի որ ոստիկանությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության նախօրեին, «ամրոցի» էր վերածել ամբողջ քաղաքը:
XS
SM
MD
LG