Մատչելի հղումներ

Հնդկաստանում առնվազն 20 երեխա է մահացել՝ դպրոցում ճաշ ուտելու պատճառով


Հնդկաստանի կրթության նախարարության համաձայն, նախաքննության արդյունքներով սննդի մեջ հայտնաբերվել են ֆոսֆորի հետքեր

Հնդկաստանում առնվազն 20 երեխա է մահացել երկրի դպրոցներից մեկում պատրաստված անվճար ճաշն ուտելուց հետո:

Բիհար նահանգի պաշտոնյաների համաձայն, նահանգի Փաթնա մայրաքաղաքից դեպի հյուսիս 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մասրախ քաղաքի կրտսեր դպրոցում բրնձից և ոսպից պատրաստված անվճար ճաշն ուտելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 27 երեխա, որոնցից տասը գտնվում է կրիտիկական վիճակում:

Երեխաների մահվանից հետո քաղաքի զայրացած բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի:

Հնդկաստանի կրթության նախարարության համաձայն, նախաքննության արդյունքներով սննդի մեջ հայտնաբերվել են ֆոսֆորի հետքեր:

Երկրի նահանգներից շատերի կառավարություններն անվճար ճաշի տրամադրման ծրագրեր են իրականացնում՝ միլիոնավոր աղքատ երեխաներին սննդով ապահովելու համար, քանի որ Հնդկաստանում թերսնուցումը երեխաների առողջությանը սպառնացող հիմնական խնդիրն է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաձայն, աշխարհում թերսնուցված երեք երեխաներից մեկը բնակվում է Հնդկաստանում: ՄԱԿ-ի տվյալները վկայում են այն մասին, որ Հնդկաստանում թերսնուցումն ավելի շատ է տարածված, քան Սահարայից դեպի հարավ գտնվող Աֆրիկայի պետություններում:
XS
SM
MD
LG