Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ շնորհելու մասին օրինագիծը


Փալուուն. «Առկա են բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով այս օրինագիծը պետք է տապալվի»

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները մերժել են «Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձևի հաստատումը, որով նախատեսվում էր թուրքական ընկերություններին Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք շնորհել:

Այս օրինագիծը, Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, չի ստացել ընդունվելու համար կոնգրեսականների ձայների երկու երրորդ անհրաժեշտ մեծամասնությունը:

Օրինագծին կողմ քվեարկել է 222, դեմ՝ 160 կոնգրեսական:

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունը, հայտնելով բնիկ հնդկացի ցեղերին պատկանող տարծքներում տնտեսական բարգավաճում հաստատելու ջանքերին իր աջակցության մասին, խոսել է օրինագծի նկատմամբ իր խիստ բացասական վերաբերմունքի մասին:

«Պարզ ասած՝ նման օրինագծի ընդունման համար գոյություն չունի որևէ ծանրակշիռ պատճառ: Իրականում, առկա են բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով այս օրինագիծը պետք է տապալվի», - ասել է Փալոունը:

Մեջբերելով բազմաթիվ մտահոգություններ, ներառյալ Հայոց ցեղասպանության շարունակվող հերքումը և Հյուսիսային Կիպրոսի օկուպացումը՝ կոնգրեսական Փալոունը հորդորել է իր գործընկերներին դեմ քվեարկել այս օրինագծին:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հունական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Մալոնին «ավելորդ» է անվանել այս օրինագիծն այն պատճառով, որ Կոնգրեսն արդեն իսկ ընդունել է «HEARTH»՝ «Տոհմական տարածքներին օժանդակություն տրամադրելու և նման տարածքներում պատասխանատվության բարձրացման մասին» թիվ 205 բանաձևը: Կոնգրեսական Մալոնին բացի այդ նշել է Ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների և Արտաքին գործերի հանձնաժողովների ավագ անդամներ, դեմոկրատներ Էդվարդ Մարքիի և Հովարդ Բերմանի ընդդիմությունը թիվ 2362 բանաձևին, ինչպես նաև մտահոգություն է արտահայտել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների ոլորտում Թուրքիայի կողմից թույլ տված խախտումների կապակցությամբ:

«Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձևի ընդդիմախոսների ելույթը եզրափակել է կորգեսական Ջոն Սարբանեսը: Նա մասնավորապես ասել է, թե չի կարծում, որ Թուրքիային արտոնյալ վերաբերմունքի ցուցաբերումը հնարավոր է հիմնավորել:

Վերահաստատելով կոնգրեսականներ Փալոունի և Մալոնեի կողմից հնչեցված մտահոգությունները՝ Սաբանեսը հիշեցրել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ, ներառյալ Իսրայելը, Կիպրոսն ու Հայաստանը, գնալով ավելի մեծ թշնամանք հետապնդող գործողությունների մասին: Սաբանեսը նշել է նաև, որ երկու տարի առաջ Թուրքիան, լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, դեմ է քվեարկել Իրանի միջուկային ծրագիրը խաթարելու նպատակով վերջինիս նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում իր ունեցած ելույթից բացի, կոնգրեսական Սաբանեսն իր գործընկերներին ուղղված նամակ է հղել, որին միացել են կոնգրեսականներ Գուս Բիլիրակիսը, Բերմանը, Աքերմանը, Էնգելը, Բերքլին, Մարքին, Փալուոնը, Մալոնին, Ցոնգասը և Շերմանը:
XS
SM
MD
LG