Մատչելի հղումներ

Գյուլը չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնությունը սպառված է


Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Միացյալ Նահանգներ կատարած իր այցից վերադարձի ճանապարհին հանդիպում է ունեցել լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում Գյուլը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման նախաձեռնության:

«Թըդեյզ Զաման» պարբերականի վկայությամբ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք 2009 թվականին Երևան կատարված իր այցի ժամանակից մեկնարկած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը պաշտոնապես դադարեցվել է, Գյուլն ասել է, թե չի կարծում, որ այս նախաձեռնությունը սպառված է:

«Թուրքիան և տարածաշրջանը պետք է փրկեն իրենց այս վեճից: Այս հարցի շուրջ լայնամասշտաբ աշխատանքներ են տանում: Այս կապակցությամբ հանձնարարականներ են տրվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտոնական կազմակերպություններին: Ստատուս քվոն օգտակար չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի կամ Ադրբեջանի համար», - ասել է Աբդուլլահ Գյուլը:

Հարցազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ, չնայած Կալիֆորնիա նահանգն ունի հայազգի բազմաթիվ բնակիչներ, այնուամենայնիվ, «բացասական միջադեպեր» չեն եղել:

Գյուլի համաձայն, Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանում բարձր պաշտոններ զբաղեցնող հայերը ջերմ ընդունելության են արժանացրել իրեն և «ուրախություն հայտնել իր այցելության կապակցությամբ»:

XS
SM
MD
LG