Մատչելի հղումներ

Հունաստանի տնտեսությունում շարունակվում է անկումը


Բողոքի ցույց Աթենքում (արխիվային լուսանկար)

Ռոմնի. «ԱՄՆ-ը, ֆինանսական ոլորտում բարեփոխումներ չիրականացնելու դեպքում, կարող է նմանվել Հունաստանին»

Հունաստանի տնտեսությունում, որտեղ արդեն հինգերորդ տարին չի դադարում ճգնաժամը, շարունակվում է անկումը:

Երկրի կառավարությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ այս տարվա ապրիլից մինչև հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում տնտեսական անկման տեմպերը կազմել են 6,2 տոկոս:

Պետական մեծ պարտքի խնդրի առջև կանգնած Հունաստանի կառավարությունն անցյալ շաբաթ հաղորդել է երկրում գործազրկության մակարդակի մինչև 23 տոկոս բարձրանալու մասին:

Հունաստանի տնտեսությանը հասցվել է մեծ հարված, երբ միջազգային պարտատերերը պահանջել են բյուջեի պակասորդը կրճատելու համար ընդունել ֆինանսական խնայողության խիստ միջոցներ, ինչի դիմաց խոստացել են տրամադրել 295 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնություն: Պաշտոնյաները դեռևս պետք է կազմեն 14 միլիարդ դոլար խնայելու նպատակով ծախսերի կատարվելիք կրճատումների ցանկը, որպեսզի այս տարվա սեպտեմբեր ամսին տրամադրվի պարտքային պարտականությունները չկատարելուց խուսափելու հնարավորություն տվող ֆինանսական օգնության հերթական մասը:

Հունաստանի ֆինանսական դժվարությունները դարձել են, բացասական իմաստով, Միացյալ Նահանգներում ընթացող ընտրապայքարի անընդհատ քննարկվող թեմաներից մեկը: Հանգստյան այս օրերին անցկացված հավաքներից մեկի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մրցակից, հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին ասել է, որ Միացյալ Նահանգներն, առանց ֆինանսական ոլորտում բարեփոխումների իրականացման, կարող է նմանվել Հունաստանին:

«Ոմանք մտահոգություն ունեն, որ եթե շարունակենք մեր ներկայիս ճանապարհը, ապա վերջիվերջո կարող ենք նմանվել Հունաստանին և Եվրոպային, որտեղ չի դադարում բարձր գործազրկությունը, գրեթե չեն ավելանում աշխատավարձերը և շարունակվում է ֆինանսական ճգնաժամը», - իր ելույթում ասել է Միթ Ռոմին:
XS
SM
MD
LG