Մատչելի հղումներ

«Սիրիայի բարեկամներ». «Ժնևյան բանակցությունները խաղաղության հաստատնամ միակ հնարավորությունն են»


Սիրիայի ակտիվիստների համաձայն, ապստամբների տարբեր խմբավորումների միջև վերջին ինն օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 700 մարդ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կիրակի օրը հանդիպում անցկացնող Արևմուտքի և Պարսից ծոցի արաբական 11 պետությունների արտգործնախարարների կարծիքով, Շվեյցարիայում հաջորդ շաբաթ կայանալիք խաղաղության բանակցությունները Սիրիայում խաղաղության հաստատման միակ տարբերակն են:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հանդես գալով Սիրիայի ընդդիմությանն օժանդակություն տրամադրող՝ «Սիրիայի բարեկամներ» պետությունների դաշինքի անունից, ասել է, որ գալիք շաբաթ կայանալիք խաղաղության համաժողովը նպատակ է հետապնդում «Սիրիայում ստեղծելու գործադիր լիարժեք իրավասություններ ունեցող ժամանակավոր կառավարություն»:

Արտգործնախարար Ֆաբիուսի հետ միասին հանդես եկող Սիրիայի ընդդիմության հիմնական կազմակերպության՝ «Սիրիայի ազգային դաշինքի» նախագահ Ահմեդ Ջարբան այնուամենայնիվ չի նշել, թե արդյոք իր գլխավորած կազմակերպությունը կմասնակցի Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում կայանալիք «Ժնև-2» բանակցություններին:

Արևմուտքի պետությունների աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային դաշինքը», որտեղ պահպանվում են խորը տարաձայնությունները ժնևյան բանակցություններին մասնակցելու հարցում, հայտարարել է, որ խաղաղության բանակցություններում մասնակցելու մասին վերջնական որոշումը կկայացվի հունվարի 17-ին:

«Սիրիայի ազգային դաշինքի» նախագահ Ջարբան, Փարիզում անցկացվող հանդիպումը «Սիրիայի ճգնաժամի շրջադարձային կետ» անվանելով, շեշտել է, որ «Սիրիայի բարեկամներ» խումբը համաձայնության է եկել այն հարցում, որ «նախագահ Ասադն ու իր ընտանիքը որևէ ապագա չունեն Սիրիայում»:

Այս ընթացքում Սիրիայի ակտիվիստների համաձայն, ապստամբների տարբեր խմբավորումների միջև վերջին ինն օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 700 մարդ:
XS
SM
MD
LG