Մատչելի հղումներ

Ֆրանսահայերը բողոքում են Ալիևի այցի դեմ


Ֆրանսիահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդ. «Ալիևը, որն անտեսում է միջազգային իրավունքը, չպետք է ընդունելության արժանանա Ելիսեյան պալատում»

Ֆրանսիայի հայկական համայնքը բողոքի մեծածավալ ցույցեր է նախապատրաստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այս երկիր կատարվող այցի դեմ՝ մեղադրելով նրան ցեղասպանական քաղաքականություն իրականացնելու մեջ, որի վերջին քայլերից էր հայազգի սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը:

Ալիևը Փարիզ է ժամանել երկուշաբթի օրը՝ Լուվրի թանգարանում իսլամական գեղարվեստի ցուցահանդես բացելու նպատակով: Ֆրանսիա կատարվող այցի շրջանակներում նախատեսվում է նաև, որ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Այս ընթացքում, ըստ «Արմենիա Նաու» համացանցային պարբերականի, ֆրանսիահայ համայնքը նախապատրաստում է այսօր անցկացնել ցույց Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտակայքում՝ արտահայտելով իր բողոքը ինչպես Ադրբեջանի «ցեղասպանական քաղաքականության», այնպես էլ Ֆրանսիայի կողմից Ալիևին ընդունելու որոշման կապակցությամբ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համոզմամբ, Ֆրանսիան չպետք է խրախուսի Ադրբեջանի հակահայկական վարչակարգը: Որպես իրենց կարծիքը սատարող փաստարկ նրանց ներկայացնում են 2004 թվականին Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարությամբ սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Սաֆարովին վերջերս ներում շնորհելու և ազատ արձակելու փաստը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համաձայն, այս քայլը, որի կապակցությամբ մտահոգություն են հայտնել նաև Ֆրանսիայի իշխանությունները, կրկին վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ:

«Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելը բարբարոսության և հակահայկականության հստակ դրսևորում է: Ալիևին այս պայմաններում ընդունելը նշանակում է աջակցություն ցուցաբերել հակահայկական իր քաղաքականությանը: Ալիևը, որն անտեսում է միջազգային իրավունքը, չպետք է ընդունելության արժանանա Ելիսեյան պալատում», - ասված է ֆրանսիահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG