Դեկտեմբերի 8-ին Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը և քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը Վաշինգտոնում հանդիպել են «Ֆրիդըմ հաուս» կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին կազմակերպության եվրասիական բաժնի ղեկավար Դեյվիդ Քրամերը, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հարցերով ավագ վերլուծաբան Սեմ Փաթենը, «Ֆրիդըմ հաուս»-ի տարածաշրջանային հարցերով զբաղվող այլ աշխատակիցներ:
Արամ Սարգսյանը և Արտակ Զեյնալյանը ներկայացրեցին Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը: Քննարկվեցին քաղբանտարկյալների, մամուլի ազատությունների և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները Հայաստանի համար առավել կարևոր խնդիրը համարեցին քաղբանտարկյալների առկայությունը: Արամ Սարգսյանի խոսքերով, մարտի 1-ից հետո բանտերում հայտնված մարդկանց մեծ մասը մինչ այս ազատ են արձակվել միջազգային կառույցների ճնշումների արդյունքում: Վերջին 10 քաղբանտարկյալների ազատությանը հասնելու համար կարևոր է շարունակել այդ ճնշումները, նշեց Սարգսյանը:
Արտակ Զեյնալյանը խոսեց Ա1+ հեռուստաընկերության վերաբացման անհրաժեշտության մասին: Իրավապաշտպան քաղաքական գործչի համաձայն, անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի ի կատար ածվի Ա1+ հեռուստաընկերության վերաբերյալ եվրոպական դատարանի վճիռը: Ա1+-ն ամենևին էլ պարտավոր չէ մասնակցել դեկտեմբերի 16-ին կայանալիք մրցույթին, գտնում է Զեյնալյանը, քանի որ ըստ դատարանի վճռի հեռուստաընկերության եթերազրկման փաստն է ճանաչվել որպես իրավախախտում: Զեյնալյանի խոսքերով ՀՀ իշխանությունները պարտավոր են իրականացնել եվրոպական դատարանի վճիռը` եթեր տրամադրելով Ա1+ հեռուստաընկերությանն առանց մրցույթի: