Մատչելի հղումներ

«Facebook»-ի հիմնադիրը գլխավորել է ներգաղթի ոլորտի բարեփոխումներն առաջ քաշելու պայքարը


«Ներգաղթականներից բաղկացած պետության համար ներգաղթի ոլորտի մեր քաղաքականությունը բավականին տարօրինակ է». Զուքերբերգը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Facebook»-ի հիմնադիր Մարք Զուքերբերգը, մուտք է գործել քաղաքականություն՝ օգնելու համար Միացյալ Նահանգների ամենաչքավոր մարդկանց՝ երկրում առանց փաստաթղթերի բնակվող ներգաղթականներին:

Միլիարդատերը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող մի շարք այլ գործարարներ ստեղծել են «FWD.us» անվանումը կրող կազմակերպություն, որի նպատակն է՝ սատարել Միացյալ Նահանգների ներգաղթի ոլորտում բարեփոխումների իրականացման ջանքերին:

«Ներգաղթականներից բաղկացած պետության համար ներգաղթի ոլորտի մեր քաղաքականությունը բավականին տարօրինակ է: Այս քաղաքականությունը, բացի այդ, չի համապատասխանում այսօրվա աշխարհին», - ասել է Զուքերբերգը՝ ներկայացնելով որևէ կուսակցությանը չպատկանող նոր կազմակերպությունը:

Անդրադարձ կատարելով այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգների ներկայիս տնտեսության հիմքում հիմնականում ընկած են գիտելիքներն ու գաղափարները, այլ ոչ թե բնական պաշարները, հաստոցներն ու ձեռքի աշխատանքը՝ Զուքերբերգն ասել է, թե Միացյալ Նահանգների համար անհրաժեշտ է կրթել և գրավել ամենատաղանդավոր և աշխատասեր մարդկանց, որոնցից շատերը, ըստ Զուքերբերգի, ծնվել են օտար պետություններում:

«Հաշվի առնելով այս ամենը՝ ինչու՞ ենք մենք երկրից վտարում ԱՄՆ-ի քաղաքացիություն չունեցող՝ Միացյալ Նահանգներում կրթություն ստացած մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտի բաժինների շրջանավարտների 40 տոկոսը: Ինչու՞ թույլ չենք տալիս ձեռներեցներին գալ այս երկիր այն դեպքում, երբ նրանք ունեն նոր ընկերություններ և աշխատատեղեր ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները», - ասում է «Facebook» -ի հիմնադիր Զուքերբերգը:

«Facebook»-ի հիմնադիրը, որի նախնիները նույնպես ներգաղթականներ են եղել, ասել է, որ «FWD.us» կազմակերպությանը սատարում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների այնպիսի ակնառու պաշտոնյաներ, ինչպիսիք են «Google»-ի նախագահ Էրիք Շմիդտը, «LinkedIn»-ի նախագահ Ռեյդ Հոֆմանը և «Yahoo»-ի գործադիր տնօրեն Մարիսա Մեյերը:

Զուքրեբերգն ասել է, որ կազմակերպությունն աշխատելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի քաղաքական երկու կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև նահանգային և տեղական մակարդակի պաշտոնյաների հետ՝ ներգաղթի քաղաքականության մեջ փոփոխությունների իրականացումն առաջ քաշելու նպատակով:
XS
SM
MD
LG