Մատչելի հղումներ

Եվրախորհրդարանը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելը


European Parliament

Եվրախորհրդարանի համաձայն, Սաֆարովի ներումը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները

Եվրախորհրդարանը ձայների 58 կողմ, 13 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև վերջինիս Հունգարիայից Ադրբեջան օգտոստոսի 31-ին հանձնելուց հետո Սաֆարովին հերոսի ընդունելության արժանացնելու փաստերը:

«Բանաձևի տեքստի վերջնական տարբերակը սակայն հանում է այս հարցի շուրջ պատասխանատվությունը Հունգարիայից», - հաղորդել է «Ասպարեզ» պարբերականը:

Բանաձևի ավելի վաղ տարբերակներում Հունգարիային կոչ էր արվել դիվանագիտական ուղիներով պահանջել Ադրբեջանից պահպանել Սաֆարովի կողմից պատիժը կրել շարունակելու մասին վաղօրոք տրված երաշխիքները:

Դատապարտելով մարդասպանի հերոսացումը՝ Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել նման քայլով, քանի որ այն «վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները համապատասխան հասարակություններում և կարող է խաթարել նաև ապագայում ժողովուրդների միջև շփման հնարավոր զարգացումը»:

Բանաձևում ասված է նաև, որ Սաֆարովին ներում շնորհելը «հակասում է միջազգային այն պայմանագրի ոգուն, որը ձեռք է բերվել՝ թույլատրելու համար մեկ պետության տարածքում պատիժ կրող անձի տեղափոխությունը՝ մեկ այլ պետության տարածքում պատիժը կրել շարունակելու նպատակով»:

«Սաֆարովը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի իշխանությունների կողմից, տեղափոխվել էր Ադրբեջան՝ պատժի կրումը շարունակելու, փոխարենը հերոսի ընդունելության արժանացավ Ադրբեջանում, ներում ստացավ նախագահի կողմից, մայորի կոչում և ութ տարվա աշխատավարձ, և խորհրդարանը մտահոգություն է հայտնում, թե ինչպիսի օրինակ են ծառայում նման գործողությունները ապագա սերունդների համար, ինչպես նաև այն պարգևատրմամբ և ճանաչմամբ, որին արժանացել է Սաֆարովը ադրբեջանական պետության կողմից»,- նշել է Եվրախորհրդարանը:

Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը ողջունել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Եվրոպայի այս սկզբունքային դիրքորոշումն ընդգծում է, որ համաշխարհային հանրությունը պետք է կանգնեցնի նախագահ Ալիևի կողմից իր ժողովրդին բռնություններին դիմելու ակտիվ խթանումը, սպառազինության զանգվածային կուտակումը և Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված պատերազմական գործողությունների վերսկսման բռնած ճանապարհը», - ասել է Համբարյանը:
XS
SM
MD
LG