Մատչելի հղումներ

Ուկրաինայում և Լեհաստանում մեկնարկում է «Եվրո-2012» ֆուտբոլի առաջնությունը


Ուկրաինայում և Լեհաստանում մեկնարկում է «Եվրո-2012» Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնությունը, որն անցկացվում է Ուկրաինայում և Լեհաստանում:

Առաջնությունը մեկնարկելու է երկու երկրների նախագահներ Վիկտոր Յանուկովիչի և Բրոնիսլավ Կոմորովսկի, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ:

Եվրոպայի ֆուտբոլի ներկայիս առաջնության ընթացքում ընդունող կողմերից մեկը՝ Ուկրաինան, հայտվել է քաղաքական սկանդալի, միջազգային հանրության ճնշման և խաղերի բոյկոտի վտանգի առջև:

Եվրոպայի քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ հորդորել են պաշտոնական Կիևին վերանայել վերաբերմունքը ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ, սակայն այսօր արդեն հայտնի է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչները չեն այցելելու Ուկրաինայում կայանալիք խաղերը:

Այս մասին հունիսի 7-ին Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Պիա Արենկիլդե Հանսենը, որի համաձայն ո՛չ Եվրահանձնաժողովի նախագահը, ո՛չ հանձնակատարները չեն նախատեսում այցելել Ուկրաինայում անցկացվող խաղերից և որևէ մեկը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեռևս հստակ պատասխան չի տվել Ուկրաինայում անցկացվող խաղերին այցելելու կապակցությամբ:

Ուկրաինայի իշխանությունները մայիսի սկզբին դադարեցրել էին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի առաջնորդների ղեկավարների գագաթաժողով անցկացնելու ծրագրերն այն բանից հետո, երբ եվրոպական առնվազն յոթ պետությունների՝ Ավստրիայի, Չեխիայի, Գերմանիայի, Իտալիայի, Սլովենիայի, Էստոնիայի և Խորվաթիայի նախագահները հանել են իրենց անունները մասնակիցների ցուցակից՝ բողոքելով Ուկրաինայի բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի դեմ:

XS
SM
MD
LG