Մատչելի հղումներ

Եվրոպական Միությունն ասոցացման համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ


Եվրոպայի Խորհրդի նախագահ Վան Ռոմփեյի համաձայն, ասոցացման համաձայնագիրն «առավել կմոտեցնի Ուկրաինան և երկրի 46 միլիոն բնակիչներին Եվրոպայի և եվրոպական ապրելակերպի սրտին»

Եվրոպական Միությունն ու Ուկրաինան ուրբաթ օրը ստորագրել են քաղաքական ասոցացման համաձայնագրի հիմնական մասերը, որոնցով ստանձնել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից անցյալ տարվա նոյեմբերին մերժված պարտավորությունները:

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը, Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ու դաշինքի 28 պետությունների առաջնորդները ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի հիմնական տարրերը ստորագրել են Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում:

Եվրոպայի Խորհրդի նախագահ Վան Ռոմփեյի համաձայն, ասոցացման համաձայնագիրն «առավել կմոտեցնի Ուկրաինան և երկրի 46 միլիոն բնակիչներին Եվրոպայի և եվրոպական ապրելակերպի սրտին»:

«Սույնով ճանաչվում են արժեքներով, ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ կառավարվող պետությունում ապրելու Ուկրաինայի ժողովրդի ձգտումները, որտեղ բոլոր մարդիկ իրենց լուման ունեն ազգային բարգավաճման մեջ», - ասել է Եվրոպական Խորհրդի նախագահը:

Բացի քաղաքական ավելի սերտ հարաբերությունների, Եվրոպական Հանձնաժողովը համաձայնվել է մոտ 500 միլիոն եվրո ծավալով առևտրային աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ վերացնելով մի շարք գյուղատնտեսական, տեքստիլային և ԵՄ ներմուծվող այլ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը:

Ուկրաինայում այս տարվա մայիսի 25-ին նախագահական ընտրություններ անցկացնելուց և նոր վարչակազմ ընտրելուց հետո Եվրամիությունը նախատեսում է ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ՝ դրանով 500 միլիոն սպառող ունեցող Եվրամիության շուկա անխոչընդոտ մուտքի հնարավորություն ընձեռելով այս երկրին:

Եվրամիության այս քայլը կնպաստի դժվարին կացության մեջ գտնվող Ուկրաինայի տնտեսության ամրապնդմանը, սակայն միաժամանակ կարող է վրեժխնդրության դրդել հարևան Ռուսաստանին, որն արդեն իսկ խստացել է Ուկրաինայի նկատմամբ կիրառվող մաքսային կանոնները:
XS
SM
MD
LG