Մատչելի հղումներ

Շտապ օգնության բաժանմունքում տրամադրվող խնամքը դրական է ազդում դեռահասների վարքի վրա


Շտապ օգնության բաժանմունքում տրամադրվող խնամքը դրական է ազդում դեռահասների վարքի վրա
Շտապ օգնության բաժանմունքում տրամադրվող խնամքը դրական է ազդում դեռահասների վարքի վրա

Միացյալ Նահանգների քաղաքային շրջաններում դեռահասների համար խնամքի հիմնական վայրը հաճախ հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքն է: Այնտեղ դեռահասներից շատերին օգնություն են տրամադրում բռնության հետևանքով ստացված վնասվածքներից կամ ալկոհոլի չարաշահումից: Ըստ նոր ուսումնասիրության՝ շտապ օգնության բաժանմունքում դեռահասներին սպառնացող խնդիրների մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելը նվազեցնում է ապագայում վնասվածքներ ստանալու ռիսկը:

Այսօր շատ ավելի դժվար է վերահսկել ամերիկայի քաղաքներում բնակվող դեռահասների կյանքը: Թե ում հետ կընկերանան կամ նույնիսկ ում հետ բասկետբոլ կխաղան՝ այս որոշումները մեծ նշանակություն կարող են ունենալ իրենց կյանքում: Դա բավական բարդ կարող է լինել, հատկապես, եթե գործ ունեն բռնության կամ խմիչքի հետ:

«Պետք չէ խնդիրն ավելի ուռճացնել: Դու կարող ես այդ մասին խոսել ուրիշների հետ կամ խուսափել դրանից», - ասում է 16-ամյա Ջեվըն Հարվին:

Հարվին նման բառեր է կիրառում բռնության և ալկոհոլի մասին այլ դեռահասների հետ խոսելիս: Դպրոցում նա իրեն հեռու է պահել վատ շրջապատից և այժմ համայնքում աշխատում է որպես կամավոր:

«Քանի դեռ դեռահասները գտնվում են շտապ օգնության բաժանմունքում, մենք փորձում ենք փոքր-ինչ միջամտել իրենց կյանքին, որպեսզի հետագա մի քանի ամիսների ընթացքում նվազեցվի բռնությանը և ալկոհոլի սխալ օգտագործման հնարավորությունը», - ասում է բժիշկ Ռեբեկա Քանինգհեմը:

«Հնարավոր է խուսափել բռնությունից և ալկոհոլի չարաշահումից, իսկ դեռահասները կարող են փոխել վատ վարքագիծը շտապ օգնության բաժնի նման վայրերում տրամադրվող միջամտության շնորհիվ», - ասում է բժիշկ Մորին Ուոլթընը: - «Պատահական ընտրանքի եղանակով նրանց երեք խմբի ենք բաժանել. առաջինը ստացել է հոգեբույժի խնամք, երկրորդը՝ օգնություն՝ բացառապես համակարգչային ծրագրի միջոցով և երրորդը՝ սովորական խնամք և գրքույկի տրամադրում”:

«Նույնիսկ բարդ վարքագիծը, ինչպիսին ալկոհոլի չարաշահումն է և բռնությունը, հնարավոր է քննարկել 30 րոպեի ընթացքում, և օգնել նրանց փորձանքից հեռու մնալ շտապ օգնության բաժնից հեռանալուն հետևող 3-ից 6 ամիսների ընթացքում», - ասում է բժիշկ Ռեբեկա Քանինգհեմը:

Միչիգանի համալսարանից բժիշկ Մորին Ուոլթընը և Ռեբեկա Քանինգհեմը Միչիգանի Ֆլինտ քաղաքի Հըրլի հիվանդանոցում պատահական ընտրանքի եղանակով փորձ են կատարել: Ամեն օր՝ 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի սեպտեմբերը, կեսօրից մինչև գիշերվա ժամը 11-ը նրանք ուսումնասիրել են Հըրլիի շտապ օգնության բաժանմունք եկած 14-ից 18 տարեկան 3 հազարից ավել հիվանդների:

«Ի տարբերություն միջամտություն չստացած խմբի՝ բժշկի կարճ միջամտությունն անցած խմբի մոտ կրկնակի նվազել է հասակակիցների նկատմամբ բռնությունը, հետապնդումները և բռնության հետևանքները», - ասում է բժիշկ Ուոլթընը:

«Շտապ օգնության բաժանմունք հաճախելուց հետո վեց ամսվա ընթացքում համակարգչային միջամտության հետևանքով նվազել են դեռահասների կողմից ալկոհոլի օգտագործմամբ առաջացած խնդիրները՝ դասերից բացակայությունը, ալկոհոլի չարաշահման հետևանքով ընտանիքում խնդիրները», - ասում է բժիշկ Քանինգհեմը:

«Ինչպես վարվել կամ խնդրի շուրջ սեփական կարծիքը հատնելու փոխարեն, դեռահասներին հարցեր ես տալիս և ապա, զրուցելով պատասխանների շուրջ, նրանց տարբեր իրավիճակների համար լուծումներ ես առաջարկում», - ասում է բժիշկ Ուոլթընը՝ հավելելով. «Համակարգչային միջամտությունը նվազեցրել է ալկոհոլիզմի հետևանքները և բավական խոստումնալից է, քանի որ այն թույլ է տալիս միջամտություն կատարել հենց շտապ օգնության բաժանմունքում՝ առանց անձնակազմի ավելորդ ժամանակը ծախսելու»:

Բժիշկ Քանինգհեմն ասում է, որ կարևոր է, որ դեռահասների հետ զրուցելիս նրանք գիտակցեն, որ հնարավոր է փոխել վարքագիծը և հեռու մնալ վտանգավոր իրավիճակներից:

«Այս եղանակը լավագույնն է՝ առանց որևէ մեկին մեղադրելու իրենց կյանքը, վտանգավոր վարքագիծը գնահատել սովորեցնելու և վատ վարքագծի և անվտանգ վարքագծի տարբերությունները ցույց տալու համար», - ասում է Քանինգհեմը:

Բժիշկ Ուոլթընըի համաձայն, ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ 30 րոպե տևող միջամտությունը կարող է դրական ազդեցություն ունենալ դեռահասների վարքագծի վրա:

XS
SM
MD
LG