Մատչելի հղումներ

Հյուսիսկովկասյան իսլամիստների առաջնորդը կոչ է արել խաթարել Սոչիի օլիմպիական խաղերի անցկացումը


Դոկու Ումարովը «չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կովկասի տարածքից դուրս Ռուսաստանի օբյեկտների ուղղությամբ հարձակում չիրականանցելու մասին հրամանը»

Հյուսիսային Կովկասի իսլամիստ զինյալների առաջնորդը չորեքշաբթի օրը կոչ է արել իր հետևորդներին «առավելագույն ջանքեր գործադրել» և թույլ չտալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անցկացնել 2014 թվականի օլիմպիական խաղերը Սոչիում:

Իսլամական պետություն ստեղծելու ջատագով զինյալների կողմից որպես պաշտոնական օգտագործվող www.kavkazcenter.com կայքում հրապարակված տեսանյութում զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կովկասի տարածքից դուրս Ռուսաստանի օբյեկտների ուղղությամբ հարձակում չիրականանցելու մասին իր հրամանը:

«Սև Ծովի մոտակայքում գտնվող մեր հողերի վրա զոհված և թաղված մեր նախնիների, բազմաթիվ իրսկական մահմեդականների ոսկրերի վրա նրանք պատրաստվում են օլիմպիական խաղեր անցկացնել: Որպես մոջահեդներ, մենք պարտավոր ենք թույլ չտալ դա բոլոր այն եղանակներով, որոնք մեզ թույլ է տալիս ալլահը», - ասել է Ումարովը:

Տեսանյութի իսկությունը դեռևս չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից, սակայն Ումարովն այս կայքում բազմիցս տեղադրել է իր ուղերձների տեսանյութերը, որտեղ ինքը դիմել է զինյալներին՝ վերջիններիս անվանելով «մոջահեդներ»:

Դիմելով Թաթարստանի, Բաշկորտոստանի և Կովկասի տարածքում գտնվող իր կողմնակիցներին՝ Ումարովը հորդորել է նրանց գործադրել առավելագույն ջանքեր՝ «խաթարելու համար մեր նախնիների ոսկրերի վրա պատրաստվող սատանական պարերը»:

Չեչնիայում և Հյուսիսային Կովկասում Խորհրդային Միության 1991 թվականի փլուզումից հետո տեղի ունեցած անջատողական երկու պատերազմների մասնակից Ումարովը պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչական բազմաթիվ հարձակումների իրականացման, ներառյալ Մոսկվայի օդանավակայանում 37 զոհի պատճառը դարձած ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման համար:
XS
SM
MD
LG