Մատչելի հղումներ

«Disney» ընկերությունը գնել է «Աստեղային պատերազմներ» ֆրանչայզը


Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար

Մեդիայի և զվարճանքների ոլորտում գործող հսկա «Walt Disney» ընկերությունը հայտնել է Ջորջ Լուկասի հանրահայտ ստուդիան, ներառյալ «Աստեղային պատերազմներ» ֆրանչայզը գնելու գործարք կնքելու մասին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար:

Walt Disney» ընկերությունը, երեքշաբթի օրը հայտարարելով գործարքի մասին, հայտնել է նաև 2015 թվականին «Աստեղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոնկարի յոթերորդ ֆիլմը թողարկելու մասին, որը կդառնա նոր տրիլոգիայի մասերից մեկը: Սպասվում է, որ տրիլոգիան կշարունակեն 8-րդ և 9-րդ հատվածները:

68-ամյա Ջորջ Լուկասը, որը 35 տարվա ընթացքում ղեկավարել է Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող իր ընկերությունը, ասել է, թե եկել է «Աստեղային պատերազմները» կինոռեժիսորների նոր սերնդին փոխանցելու ժամանակը:

«Միշտ հավատացած էի, որ «Աստեղային պատերազմները» ինձանից երկար կապրի, և կարծում եմ՝ կարևոր էր, որ փոխանցումը կատարվի իմ կյանքի օրոք», - ասել է Լուկասը, որն այս տարվա սկզբին հայտարարել էր հանգստի անցնելու իր ծրագրերի մասին:

Ջորջ Լուկասը ամբողջությամբ իր սեփականությունը հանդիսացող «LucasFilm» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել է պրոդյուսեր Քեթլին Քենեդիին, որի թեկնածությունն այժմ առաջադրվել է «Disney» ընկերության «LucasFilm» ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին:

«LucasFilm»-ը գնելու գործարքը վերջին յոթ տարվա ընթացքում կինոստուդիա կամ մեկ այլ ընկերություն կլանելուն ուղղված «Disney»-ի արդեն երրորդ գործարքն է: Այսպես, 2006 թվականին «Walt Disney»-ի կազմում ընդգրկվել էր «Խաղալիքների պատմության» ստեղծած «Pixar» ստուդիան, որից երեք տարի անց ընկերությունը գնել էր «Marvel Entertainment» կոմիքսների գրքեր արտադրողին:
XS
SM
MD
LG