Մատչելի հղումներ

«Դիսքավերի» տիեզերանավը բերվել է Վաշինգտոնի օդանավակայան


ԱՄՆ-ի «Դիսքավերի» տիեզերանավն այսօր բերվել է Վաշինգտոնի «Դալես» օդանավակայան, որտեղից տեղափոխվելու է օդանավակայանի հարևանությամբ գտնվող Ուդվար-Հազի օդագնացության և տիեզերագնացության թանգարան:

28 տարի առաջ կառուցված տիեզերանավը տեղադրվել է հատուկ եղանակով հարմարեցված «Բոինգ 747» մարդատար ինքնաթիռի վրա, որը երեքշաբթի առավոտյան մեկնել է Ֆլորիդա նահանգում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից:

Հասնելով Միացյալ Նահանգների մայրաքաղաք` տիեզերանավը տեղափոխող ինքնաթիռը մի քանի պտույտ կատարեց Վաշինգտոնի հիշարժան վայրերի վրայով, որպեսզի այնտեղ հավաքված մարդիկ հնարավորություն ունենան ավելի լավ տեսնելու տիեզերանավի տեղափոխման գործընթացը:

Ինքնաթիռից իջեցվելուց հետո տիեզերանավը ցուցադրման կտեղադրվի Սմիթսոնիան օդագնացության և տիեզերագնացության ազգային թանգարանի մասը կազմող Ուդվար-Հազի կենտրոնում:

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչությունը` ՆԱՍԱ-ն անցյալ տարի դադարեցրել է «Շաթլ» ծրագիրը` Երկրի ցածր ուղեծրից ավելի հեռու ճանապարհորդություններ կատարելու հնարվորություն ունեցող տիեզերանավերի մշակման վրա կենտրոնանալու նպատակով:

«Դիսքավերի» տիեզերանավի Ուդվար-Հազի կենտրոնի հավաքածուի մաս դառնալու հանդիսավոր արարողությունը կայանալու է ապրիլի 19-ին: Արարողությանը ներկա են լինելու ամերիկացի հայտնի տիեզերագնացները, որոնց թվում լինելու է նաև տիեզերքում Երկրի շուրջ առաջին պտույտը կատարած ամերիկացին` տիեզերագնաց Ջոն Գլենը, որը 1998 թվականին «Դիսքավերի» տիեզերանավով կրկին բարձրացել էր տիեզերք:

XS
SM
MD
LG