Մատչելի հղումներ

Դիվանագետներն ու Սիրիայի ընդդիմությունը քննարկում են խաղաղության համաժողովը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի համաձայն, որքան երկար է շարունակվում հակամարտությունը Սիրիայում, այնքան ավելի շատ է այն վերածվում կրոնական հակամարտության

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երեքշաբթի օրը հանդիպում են անցկացնում 11 երկրների բարձրաստիճան դիվանագետներ՝ նպատակ ունենալով խրախուսելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող ուժերին մասնակցել խաղաղության համաժողովին, որտեղ նախատեսվում է նաև Ասադի կառավարության անդամների մասնակցությունը:

«Սիրիայի բարեկամներ» խմբի հիմնական կազմի հետ բանակցություններից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել է, թե որքան երկար է շարունակվում հակամարտությունը Սիրիայում, «այնքան ավելի շատ է այն վերածվում կրոնական հակամարտության»:

Հեյգի համաձայն, խաղաղության բանակցություններին պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը:

Սիրիայի ընդդիմության բաժանվածությունը և խմբավորումների քանակը դժվարություն է ներկայացնում խաղաղության բանակցությունների անցկացման համար, դեռևս չլուծված է մնում համաժողովի մասնակիցների կազմի խնդիրը:

Ընդդիմության առաջնորդները սպառնացել են բոյկոտել խաղաղության համաժողովը, եթե նախագահ Բաշար ալ-Ասադը չհամաձայնվի հրաժարական ներկայացնել: Նախագահ Ասադն իր հերթին պնդում է, որ պետք է մնա զբաղեցրած պաշտոնում մինչև 2014 թվականին նախագահական ժամկետի ավարտը և պահպանի վերընտրված լինելու հնարավորությունը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին իր հերթին նախօրեին ասել է, թե Սիրիայում անհնար է հասնել խաղաղության այնքան ժամանակ, մինչև երկրում իշխանության գլուխ կանգնած լինի Բաշար ալ-Ասադը:
XS
SM
MD
LG