Մատչելի հղումներ

Զոհեր Եգիպտոսում՝ ապստամբության երրորդ տարեդարձի օրը


Առնվազն հինգ մարդ զոհվել է շաբաթ օրը՝ մասնակցելով հակակառավարական ցույցերի Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ հավաքվել էին նաև երկրի ներկայիս կառավարության հազարավոր աջակիցներ

Եգիպտոսում այսօր նշում են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը բերած ապստամբության սկզբի երրորդ տարեդարձը: Այս օրը սակայն տեղի են ունեցել զոհերի պատճառը դարձած բախումներ և պայթյուններ:

Իշխանությունների համաձայն, առնվազն հինգ մարդ զոհվել է շաբաթ օրը՝ մասնակցելով հակակառավարական ցույցերի Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ հավաքվել էին նաև երկրի ներկայիս կառավարության հազարավոր աջակիցներ:

Ականատեսների համաձայն, հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել ոստիկանության ուժերը, նրանց ուղղությամբ քարեր են նետել նաև կառավարությանը սատարող ցուցարարները:

Եգիպտոսի Սուեզ քաղաքում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտակայքում շաբաթ օրը տեղի է ունեցել պայթյուն, իսկ օրվա սկզբին պայթյուն էր տեղի ունեցել Կահիրեի ոստիկանության ուսումնական կենտրոնի մոտակայքում:

Կահիրեում նախօրեին տեղի ունեցած մի շարք ռմբակոծությունների հետևանքով զոհվել էր Եգիպտոսի ոստիկանության վեց ծառայող: Այս հարձակումների համար պատասխանատվություն է ստանձնել «ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող «Ասար Բեյթ ալ-Մաքդիս» կազմակերպությունը, որը զգուշացրել է, որ մահմեդականները պետք է հեռու մնան ոստիկանության բաժանմունքներից:
XS
SM
MD
LG