Մատչելի հղումներ

Կիպրոսն ու վարկատուները ֆինանսական օգնություն տրամադրելու մասին գործարք են կնքել


Միջազգային վարկատուները Կիպրոսին կտրամադրեն 13 միլիարդ դոլար չափով ֆինանսական օգնություն

Կիպրոսը խուսափել է սնկանկությունից՝ համաձայնություն տալով ֆինանսական օգնություն տրամադրելու այնպիսի գործարքին, որը ներառում է երկրի երկրորդ ամենախոշոր բանկի գործողության դադարեցումը և այս բանկում գումարներ պահող ունևոր ավանդատուների ավանդների նկատմամբ զգալի կորուստների հարկադիր կիրառումը: Փոխարենը վարկատուները երկրին կտրամադրեն 13 միլիարդ դոլար չափով ֆինանսական օգնություն:

Ֆինանսական հատվածը փրկելու շուրջ գործարքը ներառում է Կիպորսի «Laiki» բանկի փակումը և 130 հազար կամ պակաս ծավալով ներդրումների փոխանցումը առավել լավ վիճակում գտնվող «Bank of Cyprus»: Այն հաշիվները սակայն, որոնք գերազանցում են 130 հազար դոլարը, պաշտպանված չեն Եվրոպական Միության կանոնակարգերով և կորուստներ են կրելու, որոնց ծավալը դեռևս հայտնի չէ:

Այս համաձայնության երկուշաբթի առավոտյան հնարավոր եղավ հասնել Բրյուսելում Եվրոպական Միության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ անցկացված «վերջին պահի» բանակցությունների արդյունքում:

Միջազգային վարկատուներից վարկ ստանալու համար Կիպրոսի օրենսդիրներին անհրաժեշտ է հայթայթել 7,5 միլիարդ դոլար սեփական միջոցներ:

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ասել է, թե Կիպրոսի օրենսդիրներին անհրաժեշտ չէ քվեարկություն անցկացնել նոր ծրագրի շուրջ, քանի որ նրանք արդեն իսկ ուժի մեջ են դրել բանկային ճգնաժամը լուծելուն ուղղված մի օրենք:

ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդն իր հերթին նշել է, թե ֆինանսական օգնություն տրամադրելու մասին գործարքը Կիպրոսի ֆինանսական դժվարությունները հաղթահարելուն ուղղված «համապարփակ և արժանահավատ» ծրագիր է:

Միջազգային վարկատուների համաձայն, ցածր հարկադրույքների և ֆինանսական թույլ կարգավորման միջոցով օտարերկրյա, այդ թվում՝ բազմաթիվ ռուսաստանցի, ներդրողների ներգրավման Կիպրոսի բիզնես-մոդելը բացասական հետևանքների է հանգեցրել և պետք է փոփոխությունների ենթարկվի:

Մտահոգված լինելով բանկային համակարգի կործանմամբ՝ Կիպրոսի կենտրոնական բանկը նախօրեին մինչև 130 դոլար սահմանափակում է դրել երկրի ամենախոշոր երկու բանկերի բանկոմատներից օրական հանվող գումարների վրա:
XS
SM
MD
LG