Մատչելի հղումներ

Կոնգրեսական Փալոունը հորդորել է ԱՄՆ-ի Սպիտակ տանը թույլատրել «Հայ որբերի գորգի» ցուցադրումը


«Հայ որբերի գորգի» պատկերը՝ Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» նոր գրքից
«Հայ որբերի գորգի» պատկերը՝ Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» նոր գրքից

«Թուրքիայի կառավարությանը պետք չէ թույլատրել որոշում կայացնել այն մասին, թե արդյոք պատմամշակութային այս արժեքը պետք է հասանելի լինի հասարակությանը»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը հորդորել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային չեղյալ հայտարարել ավելի վաղ ընդունված որոշումը և թույլատրել Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած երեխաների կողմից գործած գորգի ցուցադրումը՝ նշելով, որ Թուրքիայի կառավարությանը պետք չէ թույլատրել որոշում կայացնել այն մասին, թե արդյոք պատմամշակութային այս արժեքը պետք է հասանելի լինի հասարակությանը:

ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված իր նամակում, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրության, կոնգրեսական Փալոունը նշել է, որ «Սպիտակ տան կողմից առանց բացատրություն ներկայացնելու գորգի ցուցադրումից հրաժարումը անհասանելի է դարձնում ազգային այս գանձը Ամերիկայի ժողովրդի համար՝ ենթադրելով, որ Հայոց ցեղասպանության շուրջ իրադարձությունների քննարկումը ողջունելի չէ»:

Իր նամակում կոնգրեսական Փալունը հիշեցրել է, որ Ամերիկայի հայկական համայնքը շարունակում է մեծ ներդրում ունենալ Միացյալ Նահանգներում, և ԱՄՆ-ի կառավարությունը պետք է պարտավորություն ստանձնի՝ օգնելու համայնքին իր պատմությունը, ներառյալ Հայոց ցեղասպանությունը, հետազոտելու հարցում:

«Հորդորում եմ Ձեզ թույլատրել «Ղազիր գորգի» տրամադրումը՝ ցուցադրելու համար: Այն դեպքում, եթե գորգի պահպանության համար առկա են վտանգ ներկայացնող գործնական դժվարություններ, խնդրում եմ բացատրել ցուցադրումն անհնարին դարձնող այս խոչընդոտները: Եթե գորգը ցուցադրման համար տրամադրելու գործում թերանալու հիմքում ընկած են Թուրքիայի կառավարության մտահոգությունները, վճռականորեն հորդորում եմ Ձեզ կանգնել պատմական ազնվության և սկզբունքայնության կողքին և հակառակ ընթացք տալ այս հարցին, որպեսզի գորգը կարողանա դառնալ բաց կրթական երկխոսության մաս», - եզրափակում է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի կողմից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակը:
XS
SM
MD
LG