Մատչելի հղումներ

Քլինթընը Չեխիայում առաջ է քաշում ատոմակայան կառուցելու ծրագրերը


Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգ և ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթըն
Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգ և ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթըն

Քլինթընը «չի թաքցնում» Չեխիայում ատոմակայանի կառուցման մրցակցության մեջ հաղթանակած դուրս գալու նպատակով ամերիկյան ընկերություններից մեկին աջակցություն ցուցաբերելու հանգամանքը

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, ինքը «չի թաքցնում» Չեխիայում ատոմակայանի կառուցման մրցակցության մեջ հաղթանակած դուրս գալու նպատակով ամերիկյան ընկերություններից մեկին աջակցություն ցուցաբերելու հանգամանքը:

Չեխիայում գտնվող «Թեմելին» ատոմակայանն ընդլայնելու նպատակով 10 միլիարդ դոլար ծավալով պայմանագրի համար ամերիկյան «Վեստինգհաուզ» ընկերությունը մրցում է Ռուսաստանի ընկերություններից մեկի հետ: Չեխիայի Հանրապետությունը նախատեսում է ավելացնել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, որն այժմ կազմում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջի մոտ 30 տոկոսը՝ հասցնելով այն 50 տոկոսի:

Արտգործնախարար Քլինթընը երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել Չեխիայի վարչապետ Պետր Նեկասի և արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ, որի ընթացքում խրախուսել է Չեխիային բազմազանեցնել էլեկտրամատակարարման իր աղբյուրները: Չեխիան էլեկտրաէներգիայի ծավալի մեծ մասը երկիր մատակարարելու հարցում կախված է Ռուսաստանից:

Քլինթընի համաձայն, «Վենսինգհաուզ» ընկերությունը կիրառվող տեխնոլոգիաների և անվտանգության առումով ամենալավ ընտրությունն է, և որ նախագծի իրականացման արդյունքում աշխատատեղեր կստեղծվեն ինչպես Չեխիայի քաղաքացիների, այնպես էլ ամերիկացիների համար:

Սպասվում է, որ ծրագրի շուրջ որոշումը կընդունվի գալիք տարվա ընթացքում:

Ավստրիան սակայն մտահոգություն է արտահայտել հարևան Չեխիայի ատոմակայան կառուցելու ծրագրերի կապակցությամբ, քանի որ «Թեմելին» ատոմակայանը գտնվում է երկու պետությունների միջև սահմանից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա:

Արտգործնախարար Քլինթընը երկուշաբթի օրն է մեկնարկել Եվրոպա կատարվող իր շրջագայությունը, որի ընթացքում Բրյուսելում հանդիպում կունենա Պակիստանի արտգործնախարար Հինա Ռաբանի Խառի և ռազմական գերատեսչության ղեկավար Աշվագ Քայանիի հետ:

ԱՄՆ-ի արտգործնախարարը երեքշաբթի և չորեքշաբթի օրերին նույն քաղաքում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը:

Եվրոպական շրջագայությունն արտգործնախարար Քլինթընը կեզրափակի՝ այցեր կատարելով Իռլանդիա և Հյուսիսային Իռլանդիա:
XS
SM
MD
LG