Մատչելի հղումներ

Դամասկոսում շարունակվում են բախումները


Բազմաթիվ բնակիչներ հապճեպ լքում են քաղաքը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում արդեն երրորդ օրն է շարունակվում են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկսվելու ժամանակից ամենաուժգին բախումները:

Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի բազմաթիվ բնակիչներ հապճեպ լքում են քաղաքը՝ ապստամբների և կառավարական ուժերի միջև բախումները պատճառով:

Այս ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում քննարկվում են Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ երկու մրցակցող բանաձևեր:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները պնդում են, որ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը պետք է երկարաձգվի 45 օրով: Այս պետությունների համաձայն, բանաձևում անհրաժեշտ է նաև նշել Ասադի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:

Ռուսաստանի կողմից բանաձևի ներկայացված տարբերակում սակայն նշված է ՄԱԿ-ի դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտությունը, սակայն խոսք չի գնում պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այց է կատարում Չինաստան, իսկ ՄԱԿ-ի հանձնակատար Քոֆի Անանը Մոսկվայում է, որտեղ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսաստանն ու Չինաստանը նախկինում վետոյի իրավունք են կիրառել Սիրիայի կառավարության դեմ խիստ պատժամիջոցներ նախատեսող ՄԱԿ-ի բանաձևի նկատմամբ:
XS
SM
MD
LG