Մատչելի հղումներ

Չինաստանը հորդորել է ԱՄՆ-ին խուսափել պարտքային ճգնաժամից


«Դիմում ենք Միացյալ Նահանգներին պետական պարտքի շուրջ ստեղծված քաղաքական խնդիրները ժամանակին՝ մինչև հոկտեմբերի 17-ը լուծելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու պահանջով». Չինաստանի ֆինանսների փոխնախարար

Չինաստանի իշխանությունները երկուշաբթի օրը հորդորել են Վաշինգտոնին վճռական քայլեր ձեռնարկել պարտքային ճգնաժամից խուսափելու ուղղությամբ և երաշխավորել Միացյալ Նահանգներում Չինաստանի ներդրումների ապահովությունը:

Միացյալ Նահանգների կառավարության ամենամեծ պարտատեր Չինաստանը, ըստ այդ երկրի ֆինանսների փոխնախարար Ժու Գուանգյաոյի, «բնականաբար մտահոգված է Միացյալ Նահանգների «ֆինանսական ժայռի» շուրջ տեղի ունեցող զարգացումներով»:

Չինաստանի ֆինանսների փոխնախարարի կողմից արված հայտարարությունն առաջին անգամն է, երբ այս երկրի իշխանությունները հանդես են եկել հրապարակային հայտարարությամբ Միացյալ Նահանգների պետական փոխառությունների վերին շեմի վերաբերյալ, որի առավելագույն սահմանին ԱՄՆ-ը կհասնի հոկտեմբերի 17-ին:

«Միացյալ Նահանգները հստակ պատկերացում ունի «ֆինանսական ժայռի» կապակցությամբ Չինաստանի մտահոգությունների մասին», - Պեկինում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Չինաստանի ֆինանսների փոխնախարարը՝ հավելելով, որ Վաշինգտոնն ու Պեկինը քննարկումներ են անցկացնում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Դիմում ենք Միացյալ Նահանգներին պետական պարտքի շուրջ ստեղծված քաղաքական խնդիրները ժամանակին՝ մինչև հոկտեմբերի 17-ը լուծելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու պահանջով՝ երաշխավորելու համար Միացյալ Նահանգներում Չինաստանի ներդրումների և աշխարհում տնտեսական վերականգնման ապահովությունը: Դա Միացյալ Նահանգների պարտականությունն է», - ասել է Չինաստանի ֆինանսների փոխնախարարը:

Չինաստանի Ֆինանսների փոխնախարար Ժու Գուանգյաոն, բացի այդ, հույս է հայտնել, որ «Միացյալ Նահանգները լիովին գիտակցում են պատմության դասերը»՝ նկատի ունենալով 2011 թվականին պետական փոխառությունների վերին շեմի բարձրացման հետ կապված քաղաքական ճգնաժամը, որի հետևանքով «Standard & Poors» վարկային գործակալությունը նվազեցրել էր ԱՄՆ-ի վարկային վարկանիշը՝ «AAA»-ից հասցնելով այն «AA+»-ի:
XS
SM
MD
LG