Մատչելի հղումներ

Չինաստանի ցանցահենները մուտք են ձեռք բերել դեպի ռազմական կարևորագույն համակարգերին վերաբերող փաստաթղթեր


Ավստրալիայում Չինաստանի հետ առնչություն ունեցող ցանցահենները գողացել են Ավստրալիայի անվտանգության հետախուզական կազմակերպության նոր շենքի գծագրերը

«Չինաստանի ցանցահենները մուտք են գործել ԱՄՆ-ի երկու տասնյակից ավելի կարևորագույն ռազմական համակարգերի նախագծային փաստաթղթեր, իսկ Ավստրալիայում նույն Չինաստանի հաքերները գողացել են երկրի լրտեսական ծառայության նոր շտաբի գծագրերը»:

Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը, որի համաձայն ԱՄՆ-ի պաշտպանական գիտությունների խորհուրդը Պենտագոնի համար նախապատրաստել է զեկույց, որի համաձայն ցանցահենները մուտք են գործել մարտական օդանավերի, ռազմածովային ուժերի նավերի, ինչպես նաև պաշտպանական բնույթի հրթիռային համալիրների նախագծային փաստաթղթեր: Զեկույցում հիշատակված զինատեսակներից են հրթիռային «Patriot» համակարերը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում օգտագործվող «Aegis» բալիստիկ հրթիռային համակարգերը, «F/A-18» կործանիչները, «V-22 Osprey» և «Black Hawk» ուղղաթիռները և «F-35» կործանիչը:

Լրտեսական նման գործողությունների իրականացման արդյունքում, ըստ զեկույցի, Չինաստանը հնարավորություն էր ստացել ձեռք բերելու գիտելիքներ, որոնք վերջինս կարող է կիրառել հակամարտության ընթացքում, օրինակ՝ հեռահաղորդակցման և փոխանակվող տվյալները խաթարելու նպատակով: Ձեռք բերված տեղեկությունները կարող են նաև թույլ տալ Չինաստանին առավել արագ զարգացնել ռազմական ոլորտի իր տեխնոլոգիաները:

Չինաստանն «անհիմն» է անվանել այս զեկույցը:

Ավստրալիայում այս ընթացքում Չինաստանի հետ առնչություն ունեցող ցանցահենները գողացել են Ավստրալիայի անվտանգության հետախուզական կազմակերպության նոր՝ 630 միլիոն ավստրալիական դոլար արժողությամբ շենքի գծագրերը: Ըստ հաղորդագրությունների, ցանցահեններն իրենց հարձակումն ուղղել են շինարարությունն իրականացնող ընկերության համակարգիչային ցանցի վրա, որի արդյունքում կարողացել են մուտք գործել ոչ միայն դեպի շենքի, այլև հեռահաղորդակցման և համակարգչային ցանցերի բաշխման նախագծեր:

Պատասխանելով Ավստրալիային վերաբերող զեկույցի մասին հարցին, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հոնգ Լեյն ասել է, թե Չինաստանը քննադատում է ցանցահենային հարձակումները:

«Չինաստանը մեծ ուշադրության է արժանացնում համակարգչային անվտանգության հարցերը և խստորեն դեմ է հանդես գալիս ցանցահենային հարձակումների բոլոր տեսակներին», - ասել է Հոնգը՝ հավելելով. «Քանի որ շատ դժվար է հայտնաբերել ցանցահենային հարձակումների սկզբնաղբյուրը, շատ դժվար է հասկանալ նաև, թե ով է իրականացրել նման հարձակումները: Ես տեղյակ չեմ, թե ինչպիսի ապացույցներ է օգտագործումը մամուլը՝ նման հաղորդագրություններ հրապարակելու համար»:
XS
SM
MD
LG