Մատչելի հղումներ

Լիբերիայի նախկին նախագահը նախատեսում է բողոքարկել դատավճիռը


Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը նախատեսում է բողոքարկել պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար իր նկատմամբ կայացված դատավճիռը:

Հաագայում Սիրերա Լեոնեի գործով հատուկ դատարանը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որտեղ նշվել է, որ Թեյլորի փաստաբանները դատարանին են ներկայացրել բողոքարկելու մտադրության մասին ծանուցում:

Այս դատարանը Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին անցյալ ամիս դատապարտել էր 50 տարվա ազատազրկման՝ պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար:

Դատարանը նշել էր, որ Թեյլորն օգտագործել է զբաղեցրած պաշտոնն ապստամբներին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ խաղաղություն և կայունություն առաջ քաշելու փոխարեն:

Նախագահող դատավոր Ռիչարդ Լյուսիքի համաձայն, Թեյլորի մեղավորությունը ծանրացել է ապստամբներին զենք և զինամթերք, ինչպես նաև առաջնորդություն տրամադրելու հանգամանքների հետաևանքով:

Մեղադրող կողմը պահանջել էր Թեյլորին դատապարտել 80 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նշել էր, որ բանտարկության այս ժամկետը «չափազանց» է:

Թեյլորը 1946 թվականին անցկացված Նյունբերգյան դատավարությունից հետո, որի ընթացքում դատապարտվել էր ֆաշիստական Գերմանիայն կարճ ժամանակով գլխավորած Կարլ Դոյնիցը, միջազգային դատարանի կողմից դատապարտված պետության առաջին ղեկավարն է:

Մեղադրող կողմի համաձայն, Թեյլորը քաղաքացիական պատերազմ էր հրահրել Սիերա Լեոնեում՝ երկրի արևելյան մասում արդյունահանված «արյունոտ ադամանդների» դիմաց տրամադրելով «Հեղափոխական միավորված ճակատի» ապստամբներին զենք ու զինամթերք:
XS
SM
MD
LG