Մատչելի հղումներ

Թոմ դը Վաալ. «Երկու ՆԿ-ները»


«Չակընկալվող հակամարտությունը կարող է ամենավտանգավորը լինել»

«ՆԿ» հապավումը հիշատակելիս հետաքրքրական է լսել այն, թե ինչ է պատկերացնում զրուցակիցը: Քանի որ Ասիա մայրցամաքի երկու կողմերում կա երկու ՆԿ. մեկը՝ Հյուսիսային Կորեայում (անգլերեն տառադարձմամբ՝ «NK», «North Korea» անվանումից), մյուսը՝ Լեռնային Ղարաբաղն է (անգլերեն տառադարձմամբ նույնպես՝ «NK», «Nagorno-Karabakh» անվանումից):

Այսպես է սկսվում Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի «Երկու ՆԿ-ները» անվանումը կրող հոդվածը, որտեղ վերլուծաբանը զուգահեռներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Կորեայի միջև:

«Իհարկե, Հյուսիսային Կորեայի կողմից լրատվամիջոցների հաղորդագրությունների հիմնական վերնագրերի շարքում տեղ գտնելու համար կան ծանրակշիռ հիմքեր: Երկու Կորեաների բնակչությունը կազմում է 75 միլիոն մարդ, առկա են միջուկային լարվածության շուրջ մտահոգություններ, Հյուսիսային Կորեայի առաջնորդների կողմից արվող ռազմատենչ սպառնալիքները՝ այդ ամենի պատճառով ուշադրությունը սևեռվում է Արևելյան Ասիայում գտնվող ՆԿ-ի՝ որպես հնարավոր «թեժ կետի» վրա», - գրում է դը Վաալը՝ հավելելով. «Սակայն Կովկասում գտնվող ՆԿ-ի հետ կարելի է անցկացնել որոշ օգտակար զուգահեռներ: Քաշմիրի վերահսկման գոտու հետ մեկտեղ, Հյուսիսային Կորեան և Լեռնային Ղարաբաղն անկասկած աշխարհի ամենառազմականացված սահմաններն են: Դրանցից բոլորը քարտեզի վրա առկա վիճարկվող այն գծերն են, որոնցով նշված է զինադադարը, այլ ոչ թե քաղաքական լուծումը»:

Ըստ դը Վաալի, այս երեք գծերից ամենաանտեսվածը Լեռնային Ղարաբաղի շփման գոտին է, որի անվանումը հեղինակը համեմատում է Քաշմիրի վերահսկման գոտու հետ՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, «շփման գոտին ավելի քան 200 կիլոմետրանոց սպի է երկրի մակերևույթի վրա, որտեղ երկու կողմից կառուցված են Առաջին համաշխարհային պատերազմի ոճի խրամատներ և կուտակված են մեծաքանակ ծանր զենքեր»:

«Ռազմական փորձագետների համաձայն, հայերի, ներառյալ Ղարաբաղի հայերին, և ադրբեջանցիների զինված ուժերի կազմում ծառայություն է անցնում 65-ից 70 հազար զինծառայող, որոնցից, ըստ երևույթի, գրեթե մեկ երրորդը մշտապես տեղակայված է շփման գոտում», - տեղեկացնում է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետը:

«Ղարաբաղի շուրջ նոր մարտերի վտանգը դեռևս բավականին ցածր է: Ադրբեջանը, որը պարտություն է կրել 1990-ականներին տեղի ունեցած հակամարտությունում, և, այսպիսով, պատերազմ սկսելու ամենամեծ հավանականությունն ունեցող կողմն է, չափազանց մեծ ռիսկի է դիմում՝ ռազմական տարբերակն ընտրելու դեպքում: Սակայն 1914-ի օգոստոսից մինչև 2008-ի օգոստոսը տեղի ունեցած հակամարտությունների դասերը ցույց են տալիս, որ դրանցից շատերը սկսվել են սխալ հաշվարկի հետևանքով: Երկու կողմերի մոտ առկա է հիմնարար մի խնդիր, այն է հաղորդակցման բացակայությունը: Շփման գծի երկու կողմերի հրամանատարների միջև բացակայում է հեռախոսային հաղորդակցումը՝ ճիշտ այնպես, ինչպիսին է իրավիճակը 38-րդ զուգահեռականով անցնող սահմանի վրա: Այս կերպ ռազմական փոքր որևէ միջադեպ կարող է վերածվել մեծի», - զգուշացնում է դը Վաալը:

Այն հարցադրման, ինչը կարող է նման միջադեպը դառնալ, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբանը պատասխանում է, որ նման միջադեպ կարող է դառնալ Ղարաբաղի նորակառույց օդանավակայանի բացումը:

«Հայկական կողմն ասում է, թե պատրաստ է Երևանի և Ղարաբաղի միջև թռիչքների իրականացման: Ադրբեջանցիներն ասում են, թե դա կդառնա Չիկագոյի կոնվենցիայի խախտում և սպառնացել են վրեժխնդիր լինել նման դեպքում: Մինչ օրս հայերը հաշվի են առել միջազգային ճնշումը և որևէ գործողությունների չեն դիմել: Նրանք սակայն վաղ թե ուշ կիրականացնեն այս թռիչքը: Դրանից հետո, հաշվի առնելով երկու կողմերի միջև հաղորդակցման և վստահության լիարժեք բացակայությունը, վիճակը կարող է դառնալ շատ վտանգավոր», - գրում է դը Վաալը՝ եզրափակելով. «Եվս մեկ դասն այն է, որ չակընկալվող հակամարտությունը կարող է ամենավտանգավորը լինել»:
XS
SM
MD
LG