Մատչելի հղումներ

Բրազիլիայի և Գանայի նախկին նախագահներին շնորհվել է Պարենի համաշխարհային մրցանակը


Բրազիլիայի և Գանայի նախկին նախագահներին շնորհվել է Պարենի համաշխարհային մրցանակը

Սովի դեմ պայքարում ձեռքբերումների համար աշխարհում առավել կարևոր մրցանակը 2011 թվականին շնորհվել է երկու զարգացող երկրների նախկին նախագահներին, ում քաղաքականության շնորհիվ իրենց երկրներում զգալիորեն կրճատվել է սովի ցուցանիշը:

Բրազիլիայից Լուիզ Ինասիո Լուլա դա Սիլվան և Գանայի Ջոն Աջյայկում Կուֆորը ստացել են Պարենի համաշխարհային մրցանակը:

Ջոն Կուֆորի օրոք Գանայի կակաո աճեցնողները զգալիորեն բարելավել են իրենց վիճակը: Ֆերմերային կրթության, պարարտանյութերի և վնասատուների հսկման մեջ պետական ներդրումների շնորհիվ մեկ հեկտարի հաշվով կակաոյի արտադրությունն այս տարի կրկնապատկվել է:

Յամ և այլ մշակաբույսեր աճեցնող ֆերմերները նույնպես պետական աջակցություն են ստացել, ինչի արդյունքում բարձրացել են արտադրողականությունն ու եկամուտները:

Կուֆորը նաև աջակցել է դպրոցական սննդի ծրագրին։ Այս ծրագրերը նպաստել են աֆրիկյան այդ երկրում սովի մակարդակի նվազեցման՝ 1990 թվականին գրանցված 34 տոկոսից 2004 թվականին հասցնելով այն 9 տոկոսի:

Բրազիլիայի հայտնի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան նույնպես՝ սովի կրճատումը դարձրել էր իր կառավարության ամենամեծ առաջնահերթություններից մեկը:

«Բոսլա ֆամիլիա» ծրագրի շրջանակներում բրազիլացի աղքատ ընտանիքներին երաշխավորվել էր նվազագույն եկամուտ և հիմնական ծառայություններ: Իսկ աղքատ ընտանիքների համար սննդի մատչելիության ծրագրի շնորհիվ սովի մակարդակը գրեթե կրկնակի նվազել է:

Այդ ռազմավարության համար ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագիրը պարգևատրել էր Լուլա դա Սիլվային անցյալ տարի:

Լուլա դա Սիլվան և Կուֆորը կիսել են մասնավոր հովանավորությամբ հավաքագրված 250 հազար դոլարի մրցանակը:

Պարենի համաշխարհային մրցանակը հիմնվել է ամերիկացի բուսագետ, 1970 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նորման Բորլաուգի կողմից, ում կողմից մշակած ցորենի և բրնձի տեսակների կատարելագործման շնորհիվ 1960-ական թվականներին հնարավոր եղավ փրկել Ասիան սովից:

XS
SM
MD
LG