Մատչելի հղումներ

Ռմբակոծություն Հալեպում՝ խաղաղության բանակցություններից մեկ օր անց


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Սիրիայում ստեղծված դրությունը «անհապաղ լուծում պահանջող՝ աշխարհի անվտանգությանը սպառնացող ամենալուրջ իրավիճակ» է անվանել

Սիրիայի իրավապաշտպանների համաձայն, երկրի կառավարական ուժերի ուղղաթիռները շաբաթ օրը ռմբակոծության են ենթարկել հյուսիսային Հալեպ քաղաքի ապստամբների կողմից վերահսկվող տարածքները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այս ընթացքում Սիրիայում ստեղծված դրությունը «անհապաղ լուծում պահանջող՝ աշխարհի անվտանգությանը սպառնացող ամենալուրջ իրավիճակ» է անվանել:

Բան Կի-մունը տեղեկացրել է, որ զրուցել է ՄԱԿ-ի միջնորդ Լախդար Բրահիմիի, ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ՝ հորդորելով վերջիններիս ազդեցություն գործել Սիրիայում պատերազմող կողմերի վրա, որպեսզի նրանք փետրվարի 10-ին վերադառնան բանակցությունների սեղան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բացի այդ, հորդորել է Սիրիայի պատերազմի երկու կողմերին, մասնավորապես՝ Սիրիայի կառավարությանը, անխափան մուտքի հնարավորություն թույլատրել դեպի շրջափակված տարածքներում գտնվող և մարդասիրական օգնություն ստանալու հնարավորություն չունեցող մարդիկ:

Սիրիայում պատերազմող կողմերի միջև խաղաղության բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր նախօրեին Ժնևում ՝առանց նշանակալի առաջընթաց գրանցելու: Առաջին փուլի ընթացքում սակայն հնարավոր եղավ հիմք ստեղծել՝ բանակցությունները շարունակելու համար:

ՄԱԿ-ի միջնորդ Լախդար Բրահիմին ուրբաթ օրը խորը հիասթափություն էր արտահայտել այն հանգամանքով, որ ՄԱԿ-ը հնարավորություն չի ունեցել պաշարված Հոմս քաղաքը մարդասիրական օգնություն առաքել՝ չնայած քաղաքում շարունակվող սովի մասին հաղորդագրությունների:
XS
SM
MD
LG