Մատչելի հղումներ

Պայթյունների ալիք Իրաքում, կան բազմաթիվ զոհեր


Բաղդադում պայթյուններն իրականացվել են հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, պայթյունների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել

Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների ալիքի զոհ է գնացել առնվազն 51 մարդ:

Բաղդադում չորեքշաբթի օրն իրականացված պայթյունները տեղի են ունեցել հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, ներառյալ Քազիմիյահ և Սադր Սիթի թաղամասերը:

Հարձակումների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 140 խաղաղ բնակիչ:

Պայթյունների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Իրաքում փոքրամասնություն կազմող սունիների և իշխանության գլուխ կանգնած շիաների միջև լարվածությունը հետզհետե ավելացել է այս տարվա ապրիլից, երբ ոստիկանությունը բռնի գործողությունների էր դիմել սունի ցուցարարների նկատմամբ: Սունիները մեղադրում են Իրաքի կառավարությանն իրենց քաղաքական ասպարեզից գրեթե հեռացնելու և պահանջներն անտեսելու մեջ:

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաների համաձայն, Իրաքում տեղի ունեցող բռնությունների զոհ է գնացել արդեն մի քանի հազար մարդ: ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ այս երկրում կարող է ծավալվել քաղաքացիական նոր պատերազմ:
XS
SM
MD
LG