Մատչելի հղումներ

Բոլիվիայի նախագահի օդանավի ընթացքը դադարեցվել էր Սնոուդենին տեղափոխելու կասկածների պատճառով


Ֆրանսիան և Պորտուգալիան հրաժարվել էին Մորալեսի օդանավին իրենց օդային տարածքով անցնելու թույլտվություն տրամադրելուց

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ավելի քան 12 ժամ անցկացրել է Ավստրիայում այն պատճառով, որ իր օդանավի ընթացքը դադարեցվել էր՝ ԿՀՎ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին տեղափոխելու կասկածների հիման վրա:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սնոուդենը օդանավում չէր, սակայն Ֆրանսիան և Պորտուգալիան հրաժարվել էին Մորալեսի օդանավին իրենց օդային տարածքով անցնելու թույլտվություն տրամադրելուց:

Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանքան «մեծ սուտ» է անվանել Սնոուդենին տեղափոխելու կասկածները՝ նշելով, որ Ավստրիայում Բոլիվիայի նախագահի օդանավի հարկադրված վայրէջքը վտանգի է ենթարկել նախագահ Մորալեսի կյանքը:

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները «Twitter»-ով հաղորդել է, թե կապի մեջ էր Ավստրիայում հարկադրված կանգ առած Մորալեսի հետ:

Փախուստի մեջ գտնվող Էդվարդ Սնոուդենը նախօրեին հետ էր վերցրել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու մասին իր ներկայացրած դիմումն այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում միայն այն դեպքում, եթե դադարեցնի ԱՄՆ-ի հետախուզական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը:

Սնոուդենին աջակցություն ցուցաբերող «Վիքիլիքս» կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, թե Սնոուդենի անունից քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմումներ է ներկայացրել բազմաթիվ երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Բրազիլիային, Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպայի մի շարք պետությունների, որոնցից մի քանիսը Միացյալ Նահանգների դաշնակիցներ են: Քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմումներ ավելի վաղ ներկայացվել էին Էկվադորին և Իսլանդիային:
XS
SM
MD
LG