Մատչելի հղումներ

Բայդենը կոչ է արել Յանուկովիչին անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ ճգնաժամի կարգավորման ուղղությամբ


Բայդենը հորդորել է Յանուկովիչին դուրս բերել ոստիկանության հատուկ ստորաբաժանումները երկրի փողոցներից, ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին և պատասխանատվության ենթարկել լրագրողների և ցուցարարների ուղղությամբ հարձակումներ իրականացրած անձանց

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ընթացքում կոչ է արել ընդունել միջազգային օժանդակությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

Բայդենի և Յանուկովիչի հեռախոսազրույցը դարձել է երկու պետությունների քաղաքական գործիչների միջև այս տարի արդեն չորրորդ հեռախոսազրույցը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, Բայդենը հորդորել է Յանուկովիչին դուրս բերել ոստիկանության հատուկ ստորաբաժանումները երկրի փողոցներից, ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին և պատասխանատվության ենթարկել լրագրողների և ցուցարարների ուղղությամբ հարձակումներ իրականացրած անձանց:

«Փոխնախագահ Բայդենը շեշտել է, որ խաղաղության և կայունության հաստատման արդյունավետ միակ միջոցը երկխոսության շարունակությունն է և Ուկրաինայի ժողովրդի վստահությունը վայելող նոր կառավարության կազմավորմանն ուղղված իրական փոխզիջումները», - ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ուկրաինայի ընդդիմությունն այս ընթացքում պահանջել է իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, որոնք զգալիորեն կսահմանափակեն նախագահ Յանուկովիչի լիազորությունները, մասնավորապես՝ վարչապետի, կառավարության անդամների, ինչպես նաև մարզային կառավարման մարմինների նշանակման նախագահի իրավունքը: Ընդդիմությունը, բացի այդ, պահանջում է առանց նախապայմանների ազատ արձակել խռովությունների ժամանակ ձերբակալված ակտիվիստներին:

Նախագահ Յանուկովիչը դեռևս չի հայտնել երկրի վարչապետի պաշտոնի նոր թեկնածուի անունը: Որոշ տեղեկությունների համաձայն, նախագահը ծանրութեթև է անում այս պաշտոնում իր աշխատակազմի ղեկավար, քաղաքական կտրուկ միջոցների կողմնակից Անդրեյ Կլյուևի նշանակումը:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն նախագահ Յանուկովիչի հետ ունեցած հանդիպումներից մեկից հետո նշել էր, որ նախագահի անգործությունը նպաստում է երկրում լարվածության ավելացման:
XS
SM
MD
LG