Մատչելի հղումներ

Պեկինը վերջնաժամկետ է ներկայացրել միկրոբլոգներից օգտվողներին


Պեկինը վերջնաժամկետ է ներկայացրել միկրոբլոգներից օգտվողներին

Պեկինում միկրոբլոգներից օգտվողները մարտ ամսվա կեսից չեն կարողանալու անանուն մեկնաբանություններ փակցնել միկրոբլոգների կայքում:

Չինաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնական «People’s Daily» օրաթերթը չորեքշաբթի օրը հայտնել է, որ երկրի մայրաքաղաք Պեկինում միկրոբլոգներից բոլոր օգտվողները պարտավոր են մինչև մարտի 16-ը գրանցել իրենց իրական անունները. հակառակ դեպքում նրանց կարգելվի միկրոբլոգներում հաղորդագրություններ փակցնելը կամ փոխանցելը:

Կոմունիստական կուսակցության պաշտոնական օրաթերթի համաձայն, «այս քայլը հավանության է արժանացրել Չինաստանում համացանցից օգտվողների մեծամասնությունը»:

Սակայն Չինաստանում համացանցից օգտվողներից շատերը հրապարակային քննադատության են արժանացրել նոր քաղաքականությունը՝ ասելով, թե այն ճնշելու է ազատ խոսքը և թույլ կտա երկրի կառավարությանը բռնություններ գործադրել այլախոհների դեմ:

Կոմունիստական կուսակցության օրաթերթը հայտնել նաև, որ Չինաստանի հայտնի միկրոբլոգերներից շատերն արդեն իսկ դադարեցրել են առցանց հաղորդագրությունների հրապարակումը՝ այս կերպ արտահայտելով իրենց բողոքը նոր քաղաքականության դեմ:

Պեկինում ու Չինաստանի խոշոր մի շարք այլ քաղաքներում իշխանություններն անցյալ տարվանից պահանջել են, որ միկլոբլոգերները բացահայտեն իրենց իրական անունները:

Իշխանությունների համաձայն, սոցիալական կայունության պահպանմանն ու ասեկոսեների և «ոչ պատշաճ նյութերի» տարածման կանխմանը նպաստող այս քաղաքականությունը շուտով կտարածվի երկրում միկրոբոլոգներից բոլոր օգտվողների վրա, որոնց մոտավոր թիվը կազմում է 250 միլիոն մարդ:

XS
SM
MD
LG