Մատչելի հղումներ

Հեռարձակման կառավարիչների խորհուրդը պահանջել է ազատ արձակել լրագրողին և օպերատորին


Հեռարձակման կառավարիչների խորհուրդ. «Տեսանյութը խիստ անհանգստացնող է և հաստատում է լրագրողների կյանքի համար ունեցած մտահոգությունները»

ԱՄՆ-ի Հեռարձակման կառավարիչների խորհուրդը երկուշաբթի օրը պահանջել է ազատ արձակել Սիրիայի հյուսիսային շրջաններ Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող «Ալհուռա» հեռուստաալիքի կողմից տրված հանձնարարությամբ ժամանած թղթակցին և Թուրքիայի քաղաքացի հեռուստաօպերատորին:

Թուրքիայի քաղաքացի, հեռուստաօպերատոր Ջունեյթ Ինալը եկուաշբթի օրը ցուցադրվել է Սիրիայի կառավարությանը սատարող «ալ-Իքբարիա» հեռուստաալիքով՝ հանդես գալով հայտարարությամբ, որտեղ նշել է «միջազգային զինված ուժերի» կազմում իր ներգրավված լինելու մասին:

Ջունեյթ Ւնալն անցել էր Սիրիայի տարածք օգոստոսի 20-ին՝ «Ալհուռա» հեռուստաընկերության լրագրող Բաշար Ֆահիմիի և Ճապոնիայի երկու լրագրողների հետ միասյն, որոնցից մեկը՝ Միկա Յամամոտոն, մեկ օր անց զոհվել էր Հալեպում՝ կառավարական ուժերի և ապստամբների միջև փոխհրաձգության պատճառով:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն սակայն ասել է, որ հեռուստաօպերատորին ստիպել են ելույթ ունենալ նման հայտարարությամբ:

«Այս տեսանյութը խիստ անհանգստացնող է և հաստատում է լրագրողների կյանքի համար ունեցած մտահոգությունները», - ասել է Հեռարձակման կառավարիչների խորհրդի անդամ և Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերի նախագահ Մայքլ Միհանը՝ հավելելով. «Նրանք մուտք են գործել Սիրիա միմիայն լրագրողական գործունեություն իրականացնելու նպատակով: Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրանց, իսկ Սիրիայի կառավարությունից պահանջում ենք լրագրողների անվտանգությունն ապահովող քայլեր ձեռնարկել»:

«Ալհուռա» հեռուստաալիքի վերադաս կազմակերպությունը՝ Հեռարձակման կառավարիչների խորհուրդը, վերահսկում է նաև «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքը:
XS
SM
MD
LG