Մատչելի հղումներ

Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել


Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել
Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել

Նյու Յորքում անցկացված քվեարկության արդյունքներով Ադրբեջանն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Ադրբեջանը հոկտեմբերի 24-ին անցկացված քվեարկության արդյունքներով զբաղեցնելու է Արևելաեվրոպական խմբավորման թեկնածու պետություններից մեկին շնորհվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անդամ պետությունների գերակշռող մեծամասնությունը՝ 155 ձայն հավաքելուց հետո:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Արևելաեվրոպական խմբավորման թեկնածու երկու այլ պետություն՝ Սլովենիան և Հունգարիան, ստացել են, համապատասխանաբար, 13 և մեկ ձայն:

Ադրբեջանը 2012-ից 2013 թվականներին փոխարինելու է ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արևելաեվրոպական խմբավորման կողմից ոչ մշտական անդամ Բոսնիա-Հերցեգովինային:

2012-ից 2013 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղերը զբաղեցնելու համար ուրբաթ օրն ընտրվել են Գվատեմալա, Մարոկկոն, Պակիստանը և Տոգոն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների տեղերը բաշխվում են աշխարհագրական սկզբունքով մշակված բանաձևի համաձայն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նորընտիր անդամները միանալու են Կոլումբիային, Գերմանիային, Հնդկաստանին, Պորտուգալիային և Հարավային Աֆրիկային, որոնց ոչ մշտական անդամի տեղը զբաղեցնելու ժամկետը լրանում է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին:

Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամներ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը։ Հնգյակն ունի վետոյի իրավունք, որը շնորհված չէ Անվտանգության խորհրդի մնացած` ոչ մշտական տասը անդամներին։

XS
SM
MD
LG