Մատչելի հղումներ

Ադրբեջանի իշխանությունները ներել և ազատ են արձակել ցմահ բանտարկության դատապարտված մարդասապանին


Հունգարիայի ոստիկանության ծառայողը (ձախից) բացում է Ադրբեջանի բանակի սպա, լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի ձեռնաշղթաները: Սաֆարովը Հայաստանից իր դասընկերոջը ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանելու համար 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության
Հունգարիայի ոստիկանության ծառայողը (ձախից) բացում է Ադրբեջանի բանակի սպա, լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի ձեռնաշղթաները: Սաֆարովը Հայաստանից իր դասընկերոջը ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանելու համար 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության

Հայ սպային Հունգարիայում կացնահարած հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը

Հունգարիայում հայ զինվորի կացնահարությամբ սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպան ուրբաթ օրն ուղարկվել է իր հայրենիք, որտեղ, հակառակ նախկինում տրված երաշխավորությունների, անմիջապես ներվել և ազատ է արձակվել երկրի նախագահի կողմից:

Լեյտենանտ Սաֆարովը ցմահ բանտարկության էր դատապարտվել 2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից՝ 2004 թվականին Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Սաֆարովն ու Մարգարյանը 2004 թվականին գտնվել են Հունգարիայում՝ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացներն անցնելու նպատակով:

Հունգարիան վերադարձրել է 35-ամյա Սաֆարովին Ադրբեջանին՝ այդ երկրի արդարադատության նախարարությունից ստանալով երաշխիքներ առ այն, որ Սաֆարովին նշանակված պատիժը, որը ներառում է 25 տարի բանտարկությունից հետո ներում շնորհելու հնարավորություն, շարունակվելու է կիրառվել:

«Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նաև տեղեկացրել է Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարությունն այն մասին, որ Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոփոխվի, այլ կիրառվելու է անմիջապես՝ հիմք ընդունելով Հունգարիայում կայացված դատավճիռը», - ասված է Հունգարիայի պետական կառավարման և արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել էր, երբ դեռ հայտնի չէին դարձել Սաֆարովին ազատ արձակելու մասին լուրերը:

«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հունգարիայի նախարարության համաձայն, այս որոշման հիմքում ընկած է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի Ստրասբուրգի միջազգային կոնվենցիան:

Ադրբեջանի նախագահի համացանցային կայքի անգլիալեզու մասում հրապարակվել է նախագահ Ալիևի հրամանագիրը, որի համաձայն «1977 թվականին ծնված և 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը պետք է ազատվի իր պատժից»:

Հունգարիայի արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել Սաֆարովի ազատ արձակումը մեկնաբանելու դիմումներին:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Հունգարիայի դեսպանատան մոտ հայազգի ակտիվիստներն անցկացնելու են ցույց՝ արտահայտելով իրենց բողոքը Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու և այդ երկրի իշխանությունների կողմից վերջինիս ներում շնորհելու և ազատ արձակելու կապակցությամբ:
XS
SM
MD
LG