Մատչելի հղումներ

Երիտասարդ ակտիվիստները՝ Ադրբեջանի իշխանությունների թիրախ


Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվում անցկացված ցույցի մասնակիցներից մեկին, 10 մարտի 2013թ.

Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստների «ՆԻԴԱ» կազմակերպության անդամների նոր ձերբակալությունները վկայում են քննադատների լռեցմանն ուղղված իշխանությունների շարունակվող արշավի մասին

«Ադրբեջանում դատարանը քաղաքական երեք ակտիվիստների դատապարտել է նախադատական կալանքի՝ զենքի անօրինական տիրապետման կասկածելի մեղադրանքներով: Այս ձերբակալությունները յոթի են հասցրել Ադրբեջանում այս տարվա մարտի 10-ին անցկացված բողոքի խաղաղ ցույցի կապակցությամբ ձերբակալված երիտասարդ ակտիվիստների թիվը»:

Այս մասին հաղորդել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը, որի համաձայն նախադատական կալանքի դատապարտված բոլոր երեք ակտիվիստները ընդդիմադիրների երիտասարդական «ՆԻԴԱ» շարժման անդամ են:

«ՆԻԴԱ» շարժումը ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական մեդիայի կայքերում և հանդես է գալիս Ադրբեջանի կառավարության խիստ քննադատությամբ:

«Կառավարությունն ըստ էության փորձում է լռեցնել ընդդիմադիրների երիտասարդական այս կազմակերպությունը: Այս ձերբակալությունները հստակորեն միտված են ահաբեկելու կառավարությունը քննադատող այլ ակտիվիստներին», - նշել է իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

«Իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր յոթ ակտիվիստներին, հետաքննեն նրանց ձերբակալության հանգամանքները և հանեն նրանց ներկայացված մեղադրանքները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ իշխանությունները կկարողանան ապացուցել, որ մեղադրանքներն օրինական են և հիմնավորված», - պահանջում է «Human Rights Watch»-ը:

«ՆԻԴԱ» երիտասարդական ընդդիմադիր կազմակերպության չորս այլ անդամներ ձերբակալվել էին դեռևս մարտ ամսին այն բանից հետո, երբ Ադրբեջանի ոստիկանությունը հայտարարել էր, թե ձերբակալվածների բնակարաններում հայտնաբերվել էին դյուրավառ հեղուկով լցված շշեր և թմրանյութեր, որոնք, ըստ ոստիկանության, կազմակերպության անդամները նախատեսում էին օգտագործել բողոքի ցույցի ժամանակ: Ձերբակալվածների ծնողների համաձայն, ոստիկանության մեղադրանքները շինծու են:
XS
SM
MD
LG