Թռչնագրիպի տարածումը դադարեցնելու նպատակով Ավստրալիայի իշխանությունները ոչնչացրել են վարակված 24 հազար բադ:
Ավստրալիայի իշխանությունները հայտնել են սակայն, որ թռչնագրիպի համաճարակը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում:
Երկրի Հավի միս արտադրողների ֆեդերացիայի նախագահը չորեքշաբթի օրը հայտնել է, որ բադերը վարակված են եղել թռչնագրիպի ցածր վարակայնություն ունեցող տեսակով, որը տարբերվում է վիրուսի մահաբեր H5N1 տեսակից:
Ավստրալիայի իշխանությունների համաձայն, համաճարակը սահմանափակված է եղել երկրի հարավային Վիկտորիա նահանգում գտնվող՝ ընկերություններից մեկին պատկանող թռչունների երկու ֆերմայով: Նրանց համաձայն, իրականացվում են ֆերմաններում գտնվող թռչունների ոչնչացման և շինությունների առգրավման աշխատանքներ՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Հավի միս արտադրողների ֆեդերացիայի նախագահը հայտնել է, որ ասիական որոշ պետությունների կողմից Ավստրալիայում արտադրված թռչնի մսի ներմուծման վրա դրված արգելքը չափազանց կտրուկ արձագանք է, և որ վիրուսի չի տարածվել հավերի վրա ու պարենային անվտանգությունը խախտելու վտանգ չկա:
Այս շաբաթվա սկզբին Ճապոնիան հայտարարել է Ավստրալիայում արտադրված թռչնի մսի ներմուծումն արգելելու մասին: Վիետնամի, Սինգապուրի, Ինդոնեզիայի և Հոնկոնգի իշխանությունները մասնակի արգելք են սահմանել Վիկտորիա նահանգում արտադրված մսի ներմուծման նկատմամբ: