Մատչելի հղումներ

Ամերիկահայերը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասին


Սեպտեմբների 18-20-ը Երևանը կհյուրընկալի Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 1500 պատվիրակներ շուրջ 70 երկրներից ներառյալ Միացյալ Նահանգներից:

«Այս համաժողովը Սփյուռքի հայության համար հնարավորություն է վերհիշել իր արմատների, ծագման ու պարտավորությունների մասին»,- նշում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը:

«Գալիք համաժողովը շատ լավ հնարավորություն է համայն հայության համար մի պահ կանգ առել, հետ նայել, փորձել վերաիմաստավորել անցած ուղին և ամենակարևորը միասնաբար հարթել ապագայի ճանապարհը»,- ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հաշվի առնելով Հայաստանի անկախության քառորդ դարից ավելին՝ համաժողովը լավ առիթ է սփյուռքահայության համար վերանայել անցյալն ու մտածել ապագայի մասին, ինչպես նաև հասկանալ, թե ինչ ենք կարող անել միասնաբար»,- նսում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

1999 թվականից ի վեր սա արդեն համահայկական 6-րդ համաժողովն է, այս համաժողովների ընթացքում ընթացքում քննարկվել են հայությանը հուզող բազմաթիվ խնդիրներ: Վերջին համաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, ուր մի շարք հիմնահարցերի հետ մեկտեղ զգալի տեղ էր տրվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու 100-ամյակի տարելիցին, ինչպես նաև սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին:

«Կարևոր է հասկանալ, թե ինչ են կարող անել սփյուռքահայերը Հայաստանի համար, և ինչ է կարող անել Հայաստանը Սփյուռքում բնակվող իր հայրենակիցների համար, քանի որ երկու կողմն էլ ունեն իրենց կարիքները»,- նշում է Լևոն Ավդոյանը:

«Այս համաժողովը շատ լավ միջոց է բոլոր խնդիրները քննարկելու և սփյուռքահայությանը հնարավորություն տալու վերաիմաստավորել, թե ինչ է հնարավոր անել Հայաստանին օգնելու համար»,- ընդգծում է Բոհջալյանը:

«Այստեղ կարող ենք լսել անմիջապես այն բոլոր մարտահրավերների մասին, որոնց հետ առերեսվում է Հայաստանը և ինչպես կարող ենք օգնել Հայաստանին օրինակ հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում»,- ասում է Արդունին:

«Նման համաժողովները միջոց են ազգային համաձայնության հաստատման համար այն բոլոր խնդիրների շուրջ, որոնք միավորում են մեզ որպես հայերի, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ազատության ու անվտանգության ապահովումը և ավելի ուժեղ, կայացած ու զարգացած Հայաստանի կերտումը»,- ասում է Արամ Համբարյանը:

Համաժողովի վերջում ավանդաբար ընդունվում է հռչակագիր, ուր ուրվագծվում են այդ ժամանակահատվածի առաջնահերթություններն ու հայությանը մտահոգող հիմնահարցերը: Գալիք համաժողովը կրում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը:

«Ես հասկանում եմ, որ կան հիմնախնդիրներ, որոնք պետք է քննարկվեն: Կարծում եմ, որ անհրաժեշտ են նաև ավելի թիրախավորված համաժողովներ օրինակ գործարարների, հոգևորականների կամ գիտնականների համար»,- ասում է Լևոն Ավդոյանը:

«Հայաստանը շրջապատված է թշնամաբար տրամադրված ազգերով, ուստի կախված է Սփյուռքից: Մենք օգնում ենք կառուցել ժողովրդավարական հաստատություններ ու զարգացնել շուկայական հարաբերություններ մի երկրում, որը նոր է թոթափել խորհրդային անցյալը»,- ասում է Բոջալյանը:

«Սփյուռքում ձևավորվում է առաջնորդների նոր սերունդ և նման համաժողովները պետք է օգնեն նրանց հասնել հաջողության»,- նշում է Արդունին:

Ինչպիսի ընթացք կստանա այս համաժողովն ու ինչպիսի արդյունքներ կգրանցվեն պարզ կդառնա համաժողովի աշխատանքների ավարտից հետո: Համաժողովը շարունակում է մնալ համահայկական ամենամեծ հարթակը՝ հայությանը հուզող խնդիրների ու ծրագրերի քննարկման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG