Մատչելի հղումներ

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը


«Ռուսաստանի նախագահի խոսքով, մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանի նախագահն իր առջև դրել է՝ սկսելով նախընտրական քարոզարշավը»

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նախագահները քննարկել են ռազմավարական գործընկեր և դաշնակից երկու պետությունների միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

«Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ այցի համար և նկատի առնելով, որ Հայաստանի նախագահի ընտրություններից հետո սա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին արտերկրյա այցն է, ևս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ այդ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի նախագահի խոսքով, մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանի նախագահն իր առջև դրել է՝ սկսելով նախընտրական քարոզարշավը», - նշված է հաղորդագրությունում:

«Հայաստանի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք: Ե՛վ Հայաստանում, և՛ Ռուսաստանում դա լավ գիտեն: Պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, դրանք հաջողությամբ են զարգանում՝ չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միանգամայն օրինաչափ է համարել ընտրություններից հետո իր առաջին արտերկրյա այցը Ռուսաստանի Դաշնություն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը «և դրանով, սկզբունքորեն, ամեն ինչ ասված է»:

Ռուսաստանի նախագահին ուղղված խոսքում, հաղորդագրության համաձայն, Հայաստանի նախագահ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար:
XS
SM
MD
LG