Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրենին


Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:

Հանդիպման ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին:

Սարգսյանն ու Ֆոմինն անդրադարձել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին:

«Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները նախօրեին հայտնել են, որ Ռուսաստանի հետ սպառազինությունների առևտրի ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բաքվում երեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևն ասել էր, որ ներկա դրությամբ Ռուսաստանի հետ ռազմա տեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար: Ըստ Ալիևի, երկու պետությունների միջև այս ոլորտում իրականացվող համագործակցության ծավալներն ավելանալու միտում ունեն:
XS
SM
MD
LG