Մատչելի հղումներ

«Հայաստան-ԵՄ ազատ առևտրի պայմանագիրն արգելափակված է». Լիտվայի արտգործնախարար


«Եվրոպական ձգտումների և Եվրամիության հետ ներգրավվածության պատճառով արևելյան գործընկերների նկատմամբ իրականացվող ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում անընդունելի է»

«Հայաստանը, նախընտրելով միանալ Ռուսաստանի առաջնորդությամբ գործող մաքսային դաշինքին, արգելափակել է Եվրոպական Միության ազատ առևտրի համաձայնագրին միանալու հնարավորությունները»:

Այս մասին «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեվիչուսը, որի երկիրն իրականացնում է Եվրոպական Միության նախագահությունը:

Լինկեվիչուսի համաձայն, Եվրամիությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախօրեին կայացված որոշման, սակայն երկու համակարգերն անհամատեղելին են:

«Մենք հարգում ենք երկրների կողմից կատարված ընտրանքները, սակայն նրանք միաժամանակ չեն կարող անդամակցել երկու կազմակերպությունների՝ սակագնային պահանջների տարբերության պատճառով», - ասել է Լիտվայի արտգործնախարարը:

Լիտվայի արտգործնախարարն ու հյուսիսային և մերձբալթյան այլ պետությունների կողմից տարածված առանձին հայտարարության մեջ նրանք զգուշացրել են Խորհրդային Միության նախկին պետությունների վրա Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելու անթույլատրելիության մասին:

«Եվրոպական ձգտումների և Եվրամիության հետ ներգրավվածության պատճառով արևելյան գործընկերների նկատմամբ իրականացվող ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում անընդունելի է», - ասված է հայտարարության մեջ:

Վիլնյուսի համալսարանի վերլուծաբան Վիտիս Յուրկոնիսի համաձայն, Հայաստանի կողմից կատարված քայլը «Ռուսաստանի կողմից իրականացվող ավելի մեծածավալ խաղի մաս է կազմում», քանի որ Ռուսաստանը վերջերս զգուշացրել է Ուկրաինային և Մոլդովային այն մասին, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումը կարող է վնաս հասցնել Մոսկվայի հետ հարաբերություններին:

«Ռուսաստանն ավելացնում է ճնշումն Արևելյան գործընկերության պետությունների վրա, որպեսզի վերջիններս զերծ մնան ասոցացման համաձայնագրեր կնքելուց», - ասել է վերլուծաբանը:
XS
SM
MD
LG