Մատչելի հղումներ

Փարիզում այսօր կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը


«Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամադյարովը կշարունակեն այն քննարկումները, որոնք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնարկել էին անցյալ տարի Վիեննայում կայացած իրենց հանդիպման ընթացքում»

Փարիզում այսօր հանդիպում կանցկացվի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի միջև:

Այս մասին հաղորդել է «Բլումբերգ «գործակալությունը, որի համաձայն արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամադյարովը կշարունակեն այն քննարկումները, որոնք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնարկել էին անցյալ տարի Վիեննայում կայացած իրենց հանդիպման ընթացքում:

Ադրբեջանի արտգործնախարարության համաձայն, Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամադյարովը իրենց միջև կայանալիք հանդիպումից առաջ կհանդիպեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս շաբաթվա սկզբին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ անցկացված հանդիպման ընթացքում վերջինիս ուշադրությունը հրավիրել էր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ընթացքում արտգործնախարար Նալբանդյանն ընդգծել էր, որ չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ՝ շեշտելով, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
XS
SM
MD
LG