Մատչելի հղումներ

Անջելինա Ջոլին հեռացրել է կրծքերը


Հոլիվուդյան աստղը նման քայլի է դիմել՝ կրծքի քաղցկեղը կանխելու նպատակով

Դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ անցել է երկու կրծքերը հեռացնելուն ուղղված պրոֆիլակտիկ վիրահատությունը՝ դիմելով այս քայլին այն բանից հետո, երբ բժիշկներն իրեն հայտնել են քաղցկեղի գեն կրող լինելու մասին:

Ջոլին երեքշաբթի օրը «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթում հրապարակել է հոդված՝ գրելով, որ ապրիլ ամսին ավարտել է երկու կրծքերը հեռացնելուն ուղղված վիրահատությունները:

37-ամյա հոլիվուդյան աստղը հաղորդել է, որ վիրահատությունն իրականացնելու մասին որոշում է կայացրել այն բանից հետո, երբ բժիշկները հայտնել են, որ իր մոտ 87 տոկոսի հնարավորություն կա կրծքի քաղցկեղի և 50 տոկոսի հնարավորություն՝ ձվարանների քաղցկեղի զարգացման: Դերասանուհին ասել է, որ իր մայրը մահացել է քաղցկեղից 56 տարեկան հասակում:

Անջելինա Ջոլին նշել է, որ գաղտնի էր պահում վիրահատության մասին տեղեկությունները, սակայն այժմ որոշել է հրապարակային հայտնել այդ մասին՝ հույս ունենալով, որ նման եղանակով կկարողանա օգնություն ցուցաբերել այլ կանանց:

Կրծքագեղձի քաղցկեղի գենետիկական թեստերի հայտնագործությունից հետո որոշ կանայք, տեղեկանալով թեստերի արդյունքների մասին, որոշում են կայացնում կուրծը հեռացնելու մասին: Ջոլին սակայն երիտասարդ և հանրահայտ առաջին դերասանուհին է, որը հրապարակայնորեն է հայտարարել նման վիրահատության դիմելու մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղից մահանում է 458 հազար կին: Կազմակերպության գնահատականների համաձայն, 300-ից 500 կանանցից մեկը, Անջելինա Ջոլիի նման, ունի գեների «BRCA 1» կամ «BRCA 2» մուտացիաներ:
XS
SM
MD
LG