Մատչելի հղումներ

«Amnesty International»-ը դեմ է «Դիմա Յակովլևի օրենքին»


Իրավապաշտպանները հանդես են եկել Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդելու, այս ոչ թե թուլացնելու կոչով

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը պահանջել է, որպեսզի Ռուսաստանի օրենսդիրները հրաժարվեն «Դիմա Յակովլևի օրենքն» ընդունելուց՝ հայտարարելով, որ այն «խիստ բացասական ազդեցություն կունենա իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության համար»:

Կազմակերպության կողմից տարածված հայտարարության համաձայն, այս օրենքով, բացի ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման արգելքի, նախատեսվում է նոր և լուրջ սահմանափակումներ կիրառել հասարակական կազմակերպությունների նկատմամբ:

«Amnesty International»-ի համաձայն, այս օրենքով Ռուսաստանի արդարադատության նախարարությանը կթույլատրվի կամայական եղանակով դադարեցնել հասարակական այն կազմակերպությունների գործունեությունը և սառեցնել վերջիններիս ֆինանսական միջոցները, որոնք, նախարարության կարծիքով, ներգրավված են քաղաքական գործունեության մեջ, ֆինանսավորվում են ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից կամ իրականացնում Ռուսաստանի շահերը վտանգող գործունեություն:

Օրենքով նախատեսվում է նաև արգելել ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկակի քաղաքականություն ունեցող անձանց հանդես գալ որպես Ռուսաստանում «քաղաքացիական գործունեությանը մասնակցող» ռուսաստանյան, միջազգային կամ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների առաջնորդներ:

«Բացի այն հանգամանքից, որ սա ակնհայտ խտրականություն է երկակի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, մեծ է նաև վտանգը, որ օրինագծի հստակ չձևակերպված դրույթները կօգտագործվեն՝ կառավարությանը քննադատող և խախտումները բացահայտող անձանց նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Ըստ էության, հենց դա կարող է դառնալ օրինագծի իրական նպատակը», - ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Amnesty International»-ի տարածաշրջանային տնօրեն Ջոն Դալհիզենը՝ հավելելով. «Նման օրինագիծը մանկանան արձագանք է «Մագնիտսկու օրենքին»: Պետդուման պետք է ավելի շատ ջանք գործադրի Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման, այլ ոչ թե վերջինիս թուլացման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումն արգելող՝ այսպես կոչված «Դիմա Յակովլևի օրենքի» նախագիծը Պետդումայի քննարկմանն էր ներկայացվել ԱՄՆ-ում «Սերգեյ Մագնիտսկու» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: «Սերգեյ Մագնիտսկու» օրենքով նախատեսվում է մուտքի արտոնագրային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ: Այդ օրենքը կրում է Ռուսաստանի բանտերից մեկում զոհված իրավաբան Սերգեյ Մագնիտսկու անունը, որը դարձել է Ռուսաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող խախտումների խորհրդանիշը:
XS
SM
MD
LG