Մատչելի հղումներ

Ամերիկան հարգանքի տուրք կմատուցի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերին


Նախագահ Օբամայի ազգային անվտանգության խումբը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու համար սեպտեմբերի 11-ի տարելիցի հետ կապված հնարավոր հարձակումները

Միացյալ Նահանգներում այսօր կանցկացվեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մոտ 3 հազար զոհերի հիշատակի արարողությունները:

12 տարի առաջ այս օրը ահաբեկիչները օդանավեր էին ուղղել Նյու Յորք քաղաքի Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի վրա, իսկ ահաբեկիչների կողմից առևանգված օդանավերից մեկը կործանվել էր Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում:

Նյու Յորքում և Պենտագոնում հիշատակի արարողությունները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ այն պահին, երբ 12 տարի առաջ կործանվել էին օդանավերը:

Նախագահ Բարաք Օբաման կայցելի Պենտագոնում կայանալիք հիշատակի արարողությունը, որին ներկա կլինեն նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը և ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին, արարողությանը կմասնակցեն ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքները:

Փենսիլվանիա նահանգում 93-րդ չվերթի հուշահամալիրում զոհվածների ընտանիքները կմասնակցեն ԱՄՆ-ի ազգային զբոսայգիների ծառայության կողմից անցկացվելիք այցելուների կենտրոնի բացմանը, որտեղ ներկայացված կլինեն տեղեկություններ զոհված 33 ուղևորների և անձնակազմի յոթ անդամների մասին: Այցելությունների կենտրոնը կառուցվել է օդանավի կործանման վայրի մոտակայքում գտնվող բարձունքի վրա:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Օբամայի ազգային անվտանգության խումբը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու համար սեպտեմբերի 11-ի տարելիցի հետ կապված հնարավոր հարձակումները և երաշխավորելու արտերկրում գտնվող ամերիկացիների և ԱՄՆ-ի կառույցների պաշտպանությունը:

Այսօր լրանում է նաև Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ իրականացված ահաբեկչական հարձակման առաջին տարելիցը: Այս հարձակման հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսն ու ևս երեք դիվանագետ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, այն շարունակելու է Բենգազիում հարձակման փաստով հետաքննությունը՝ հարձակումն իրականացրածներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
XS
SM
MD
LG