Մատչելի հղումներ

Քարզայը կրկին թալիբների հետ երկխոսության կոչ է արել


Քարզայը նաև հրավիրել է Պակիստանին մասնակցելու Աֆղանստանում խաղաղության գործընթացին

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Տոկիոյում մեկ օր առաջ անցկացված համաժողովից հետո, որի ընթացքում միջազգային դոնորները խոստացել են 16 միլիարդ դոլար տրամադրել երկրի վերականգնման համար, կրկին թալիբների հետ երկխոսության կոչ է արել:

Քարզայն ասել է, որ իր վարչակազմը առաջնահերթություն կտա թալիբների մասնակցությամբ խաղաղության գործընթացին՝ երկրում իրավիճակը կայունացնելու և վերջին տասը տարվա ընթացքում կատարված ձեռքբերումները համախմբելու նպատակով:

«Թալիբները և զինյալ այլ կազմակերպությունները, որոնց գործունեությունն ուղղված է իրենց իսկ երկրի դեմ, այժմ կարող են մասնակցել երկրի կյանքում և օգուտ քաղել այն օրենքներից և ազատությունից, որն այժմ առկա են Աֆղանստանում՝ պայմանով, որ նրանք պետք է հարգեն երկրի սահմանադրությունը, իրենց գործունեությունը շարունակեն հօգուտ Աֆղանստանի վերականգնմանն ու դադարեցնեն բռնությունները», - ասել է Աֆղանստանի նախագահը:

Աֆղանստանի նախագահն ասել է նաև, որ թալիբների հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ ներկա հակամարտությանը վերջ դնելու համար: Նրա համաձայն, բանակցությունների վրա չպետք է ազդեցություն գործի երկրում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը, որը բազմիցս դատապարտել են զինյալները:

«Քանի որ Աֆղանստանում միջազգային հանրության ներկայությունն իրականություն է, ապա նման իրականություն է նաև խաղաղության բոլոր բանակցություններում թալիբների մասնակցությունը: Սակայն հիմնական նպատակն այն է, որ մենք՝ աֆղանստանցիներս համախմբվենք և երաշխավորենք մեր երկիրն պայծառ ապագան, և երկրի բոլոր բնակիչները համախմբվեն՝ առավել բարգավաճ երկիր կառուցելու գործում», - ասել է նախագահ Քարզայը:

Աֆղանստանի նախագահը շեշտել է, որ 2014 թվականին օտարերկրյա զինված ստորաբաժանումները դուրս բերելուց հետո, երկրում օտարերկրյա զինծառայողների ներկայության մասին բանակցությունները պետք է անցկացվեն երկկողմանի ձևաչափով: Նրա համաձայն, Միացյալ Նահանգներին թույլ կտրվի ժամանակավորապես՝ տասը տարի ժամկետով ռազմակայաններ պահպանել Աֆղանստանում:

Քարզայը նաև հրավիրել է Պակիստանին մասնակցելու Աֆղանստանում խաղաղության գործընթացին՝ Աֆղանստանի կառավարության և Պակիստանից գործող թալիբների առաջնորդների միջև բանակցություններ կազմակերպելու միջոցով:
XS
SM
MD
LG