Մատչելի հղումներ

Լոնդոնի թանգարանի գանձերը


Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանը համարվում է արվեստի և կոմպոզիցիաների ամենամեծ թանգարանը: Ավելի քան 3000 տարվա հնությամբ նմուշներով այս թանգարանի հսկայական հավաքածուի մի մասը հնարավոր չի եղել ցուցադրել: Եվրոպական արվեստի գանձերը ցուցադրելու համար վերջերս բացվել են Միջնադարի և Վերածննդի դարաշրջանների տաս ցուցահանդեսներ:

Իտալիայից դուրս իտալական քանդակների լավագույն հավաքածուն գտնվում է Վիկտորիա և Ալբերտ թանգարանում: Սակայն Միջնադարի և Վերածննդի գանձերը միայն քանդակներ չեն:

"Հրաշալի է, որ թանգարանն ունի եվրոպական արվեստի լավագույն հավաքածուները` սկսած Միջնադարից մինչև արդի ժամանակաշրջան: Այնտեղ ներառված են քանդակներ և արվեստի բոլոր տեսակները` հրաշալի գորգեղեն և գործվածքներ, ոսկի և արծաթ",- ներկայացնում է թանգարանի տնօրեն Մարկ Ջոնսը:

Դարերի ընթացքում եվրոպական արվեստի և ոճի փոփոխությունները ցուցադրելու նպատակով հավաքածուն տաս նոր ցուցահանդեսներում ներկայացվում է ժամանակագրորեն:

Նոր ցուցահանդեսները կազմակերպելու համար անհրաժեշտ էր վերադասավորել, մաքրել և հաճախ վերականգնել ավելի քան 1800 իր: Սակայն փորձագետների համար սա հնարավորություն էր կրկին ուսումնասիրել այդ գանձերը` հաշվի առնելով այն գործոնները, որոնք ազդեցություն են ունեցել դրանց ստեղծման վրա:

"Մենք ցանկանում էինք բացահայտել, թե ինչն էր կարևոր հեղինակների համար, որպեսզի հասկանանք այս գործերի էությունը, միաժամանակ այն մշակույթը, որին պատկանում են այս գործերը, մարդկանց, ովքեր ստեղծել են և ում պատկանել են դրանք",- պատմում է թանգարանի աշխատակից Փեթա Մոթյուրը:

Թանգարանի տնօրենի կարծիքով` նրանց հաջողվել է ցուցադրել միջնադարի և վերածննդի ժամանակաշրջանի եվրոպական արվեստի նոր դիմանկարը:

35 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը տևել է գրեթե տաս տարի: Ֆինանսավորման հիմնական մասը մասնավոր հատկացումներ են: Թանգարանի մուտքն անվճար է:

XS
SM
MD
LG