Մատչելի հղումներ

Արդյո՞ք հրաշամանուկ ծնվում են, թե` դառնում


Ոմանք ասում են, որ բավարար ժամանակի, գումարի և ուղեցույցների առկայությամբ ցանկացած երեխա կարող է յուրահատուկ ձիրք ձեռք բերել: Սակայն այլոց կարծիքով` տաղանդն ի ծնե է լինում:

Տասներեքամյա Գեյվըն Լարջենթն արդեն հինգ տարի է, ինչ նվագում է: Կիթառի դասընթացները նա ութ տարեկանից է սկսել, սակայն շուտով հրաժարվել է դրանցից:

“Ես ոչինչ չէի սովորում, պարզապես թղթի վրայի նոտաներն էի նվագում, շատ ձանձրալի էր”, հիշում է Գեյվընը:

Նրա մայրն ասում է, որ նա անընդհատ փորձում էր սկավառակով, ռադիոյով կամ կենդանի լսած երաժշտությունը վերարտադրել: “Նա դեռ ինը-տաս տարեկան էր, երբ մենք գիտակցեցինք, որ նա երաժշտությամբ է զբաղվելու”, պատմում է մայրը:

Բոսթոնի քոլեջից զարգացման հոգեբանության մասնագետ Էլեն Ուիների կարծիքով` անհագուրդ փորձերը տաղանդավոր երեխայի կամ հրաշամանուկի առանձնահատկություններից է:

“Նրանք ամբողջովին տարվում են, և դժվար է նրանց շեղել այն զբաղմունքից, որը նրանց մոտ փայլուն է ստացվում”, ասում է նա:

“Ջայնի կետը” ձայնասկավառակը վերջերս թողարկած Ջուլիան Լաջը հինգ տարեկանում է սկսել կիթառ նվագել: Այժմ` քսանմեկ տարեկանում, նա հիշում է, որ մանուկ հասակում ժամեր շարունակ նվագում էր: Այդ մասին պատմում է նաև “Ութամյա Ջուլսը” վավերագրական ֆիլմը:

“Երբ ինձ նման երիտասարդ երաժիշտներին հրաշամանուկ ես անվանում, կարծես անտեսես այն քրտնաջան աշխատանքը, այն հազարավոր ժամերը, որոնց շնորհիվ մենք հասնում ենք նման արդյունքների”, ասում է Ջուլիանը:

Հրաշամանուկ համարվող Ռասթա Թոմասը կիսում է այդ կարծիքը: Նա այժմ իր սեփական պարային համույթն է ղեկավարում: “Կարծում եմ` ցանկացած յոթամյա երեխա, եթե ստանա այն կրթությունը, որ ես եմ ստացել, կհասնի նման արդյունքների: Ժամերով պարապում էի, իսկ պարապմունքներիս համար մի միլիոն դոլար է ներդրվել”, ասում է նա:

“Տաղանդավոր երեխաներ. առասպելներ և իրականություն” գրքի հեղինակ` հոգեբան Ուիները համաձայն չէ: “Կարծում եմ` այս երեխաներն իրոք ի ծնե մեծ տաղանդ ունեն: Հնարավոր չէ երեխային տաղանդավոր դարձնել: Իհարկե, պետք է նրանց հետ աշխատել` տաղանդը բացահայտելու համար”, ասում է նա:

“Իմ ամբողջ շրջապատը` ծնողներս, ընտանեկան կյանքնս և այլ հանգամանքներ, այս ամենը ստեղծագործական եռանդի աղբյուր է եղել”, ասում է Ջուլիանը:

Մինչդեռ Թոմասն իր հաջողության համար նույնպես կարևորում է ընտանիքի դերը: “Ամեն ինչի համար ծնողներիս և ուսուցիչներիս եմ պարտական”, ասում է նա:

Ինչ խոսք, հրաշամանուկի հաջողությունները մանուկ հասակում և մեծ տարիքում պայմանավորված է ոչ միայն բնությունով, այլև`հոգատար ընտանիքով:

XS
SM
MD
LG