Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված ծանր իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ:
Այս մասին Դմիտրի Մեդվեդևը խոսել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում` Դամասկոս կատարած պաշտոնական այցից երկու օր անց:
Նշելով, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացին իր կարողությունների ողջ ծավալով, Մեդվեդևը միաժամանակ քննադատել է դրանց այժմյան ընթացքը, ամենամեծ խնդիրը համարելով քաղաքական կամքի պակասը:
Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է Ասադի այն ձևակերպման հետ, թե Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ գործընթացում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի և Եվրամիության հետ մեկտեղ, Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացով զբաղվող միջազգային “Քառյակ” խմբի անդամներ են: