Ռուսական «Կոմերսանտ» օրաթերթի փոխանցմամբ, նախորդ շաբաթ Մոսկովյան մետրոյում տեղի ունեցած պայթյուններից մեկի հեղինակը մահմեդական ծայրահեղականի կին է եղել:
Դեռևս նախորդ դեկտեմբերին ռուսական անվտանգության ուժերի կողմից սպանված Ումալաթ Մագոմեդովի այրին` 17-ամյա Ժանետ Աբդուրախմանովան ենթադրաբար ծագումով դաղստանցի է:
Այս պահի դրությամբ, միևնույն թերթի տվյալների համաձայն, երկրորդ պայթյունի հեղինակի անձը դեռևս հաստատման փուլում է: Ըստ նախնական ենթադրությունների, պայթյունի հեղինակն է 20-ամյա չեչենուհի Մարխա Ուստարխանովան:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Մոսկվայի մետրոյում և Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ կոչ է արել խստացնել հակաահաբեկչությանն առնչվող երկրի օրենսդրությունը:
Մեվեդևը նշել է նաև, որ այսուհետ հանցագործներ են համարվելու ոչ միայն ահաբեկիչները, այլև` նրանց որևէ կերպ աջակցող անձինք: